ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավելի քան 62 հազար արցախցի է դիմել միանվագ աջակցության համար

Ավելի քան 62 հազար արցախցի է դիմել միանվագ աջակցության համար

Մեկնարկել և ըստ փուլերի՝ իրականացվում է 250,000 դրամ միանվագ աջակցության տրամադրումն այն արցախցիներին, ում բնակելի անշարժ գույքը պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի,սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:

«Միանվագ 250,000 դրամ աջակցության համար մինչ այժմ դիմել է 62 հազար 727 քաղաքացի։ Վճարման ցուցակ ներառված քաղաքացիների ցանկը մշակման փուլում է: Ընթացքում համադրվում են մեզ մոտ գտնվող դիմումները,իսկ գումարի բաշխումն իրականացվում է դրան զուգահեռ՝ փուլային կարգով:Հնարավոր է, որ դիմումների համադրման գործընթացի արդյունքում՝ ընտանիքի տարբեր անդամներին աջակցությունը տրամադրվի տարբեր փուլերի ընթացքում»,-մանրամասնեց Մանուչարյանը:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներին 250 հազար դրամ միանվագ աջակցություն է տրամադրվում, եթե նրանց բնակելի անշարժ գույքը պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի:

Աջակցությանը կարող են դիմել 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախում հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված չափահաս և անչափահաս քաղաքացիները։ Վերջիններիս դրամական աջակցությունը կտրամադրվի ծնողին, եթե նա միջոցառման շահառու է։

 

  • Կիսվել: