երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աստղաշենում  կայացել է  «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը

Աստղաշենում կայացել է «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում կազմակերպվել է  «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը:  

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցույթը կազմակերպվել է Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»  ՊՈԱԿ-ի և  «Դիզակ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Մեզ հետ զրույցում «Դիզակ Արտ» մշակութային ՀԿ գործադիր տնօրեն տեղեկացրեց, որ արդեն երրորդ անգամ կազմակերպվող մրցույթին մասնակցում է  Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Շուշիի և Շահումյանի շրջանները ներկայացնող 7  թիմ:

«Ազգային խաղերը հազարամյակների պատմություն ունեն։  Արցախում վերջին տարիներին ակտիվ ընթացք է ստացել   ազգային ավանդական խաղերի վերականգնումը: Պետական ծրագրով  հաճախ են կազմակերպվում ազգային ավանդական խաղեր, որոնք մասնակիցների և հանրության կողմից մեծ ոգևողությամբ են ընդունվում: Դրանք յուրօրինակ ձև են  համախմբելու երիտասարդներին ազգայինի պահպանման գաղափարի շուրջ: Բացի այդ՝  մասնակիցները հնարավորություն ունեցան փոխանակել իրենց փորձը, ստեղծել միջհամայնքային կապեր և դնել հետագա  համագործակցության հիմքեր»,- ասել է Ե. Հայիրյանը։

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովաննիսյանը պարզաբանմամբ՝  ազգային ցանկացած խաղ պարունակում է  ավանդական կենցաղի այս կամ այն գործառույթ:

«Օրինակ՝ «Կոխ»-ը ռազմի խաղ է, մյուսները կապված են տնտեսական այս կամ այն երևույթի հետ: Անչափ կարևորում եմ, որ ազգային խաղերի հանրահռչակումը  մասնավորապես երիտասարդների շրջանում։ Սա  հայրենասիրական դաստիարակության մի ձև է՝  հատկապես ներկա պամաններում, երբ մեր նյութական և  ոչ նյութական ժառանգությունը գտնվում է մեծ մարտահրավերների առջև: Այս միջոցառումները խթանում են ավանդականի պահպանումը»,- ասել է Լ. Հովհաննիսյանը:

Մրցույթի շրջանակներում կազմակերպվել է ընդհանուր առմամբ  4 ազգային ավանդական խաղ։
Արդյունքում՝ առաջին տեղն է զբաղեցրել Ասկերանի թիմը, երկրորդը` Քաշաթաղի, երրորդ տեղը Հադրութի թիմը, որոնք արժանացել են դրամական պարգևների:

  • Կիսվել: