կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աստղաշենում հիմնվել են ինտենսիվ այգիներ և ստեղծվել նոր աշխատատեղեր

Աստղաշենում հիմնվել են ինտենսիվ այգիներ և ստեղծվել նոր աշխատատեղեր

Ավարտվել են մայրուղուց դեպի Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող ավելի քան 8 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

«Աշխատանքները սկսվել են այս տարվա օգոստոսին: Ասֆալտապատումն իրականացվել է «Հայաստան Համահայկական հիմնադրամի» և պետբյուջեի միջոցներով:
Խճապատվել են նաև գրեթե բոլոր ներհամայնքային ճանապարհները: Գյուղում կանոնավոր են գործում ենթակառուցվածքները` այդ թվում էլեկտրակամատակարարում, գազամատակարարում, բջջային կապ և համացանց»,-մանրամասնեց համայնքի ղեկավարը:

Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը՝ համայնքապետը հայտնել է, որ պատերազմից հետո հատկապես ընթացիկ տարում գյուղում ընդլայնվել է հողագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային մշակությամբ ու ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների թիվը:

«Ընթացքում են ինտենսիվ այգեգործության և ջերմոցների զարգացման ծրագրերը: Արդեն 21 հեկտար տարածքով արքայանարնջի այգի է հիմնվել: Ինտենսիվ այգիների հիմնման շնորհիվ Աստղաշենում տասնյակից ավելի նոր աշխատատեղեր են ստեղծվել»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նրա տեղեկատվությամբ՝ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Աստղաշենի դպրոցի աշակերտների թիվն աճել է: Պատերազմից հետո համայնքում տեղահանված 25 ընտանիք է հաստատվել, որոնք ապահովվել են պետբյուջեի միջոցներով վերանորոգված տներով:

«Ներկայումս համայնքում բազմազավակ ընտանիքի համար տուն է կառուցվում, ևս 2-ը վերանորոգվում է տեղահանված ընտանիքների համար»,-ասել է Ա. Գրիգորյանը:

Խնդիրներից համայնքապետն առանձնացրեց մշակույթի տան և բուժկետի վերանորոգման անհրաժեշտությունը, որոնք նրա խոսքով , վատթար վիճակում են գտնվում:

Ինչ վերաբերում է Աստղաշենի զարգացման հեռանկարներին, ապա, ըստ Ա. Գրիգորյանի, այստեղ համապատասխան աջակցության դեպքում հնարավոր է զարկ տալ զբոսաշրջությանը, որի համար նախնական նպաստավոր պայմաններ արդեն իսկ առկա են:

  • Կիսվել: