հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Աշոտ Ղուլյանը՝ Արցախի ԱԳ նախարար նշանակվելու մասին

Աշոտ Ղուլյանը՝ Արցախի ԱԳ նախարար նշանակվելու մասին

Հասկանալով, որ մենք արդեն մոտենում ենք նոր խորհրդարանի անհատական կազմի ձեւավորմանը, երեկ ենք հայտարարություն տարածել, որպեսզի ավելորդ բաներ չլինեն, չնայած դրանից խուսափել չի լինում, բայց դիմումը կա, ամսաթիվը վրան գրած է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Ովքեր հետեւել են մեր նախընտրական արշավին, վստահ եմ բոլորն էլ հիշում են, որ ես մեր բոլոր հանդիպումներին ասել եմ, որ հաջորդ գումարման խորհրդարանում ամենայն հավանականությամբ ես չեմ լինելու»,– ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ եք զբաղվելու առաջիկա տարիներին, քանի որ երեկ հայտնի դարձավ, որ հրաժարվել եք պատգամավորական մանդատից եւ մամուլը գրում է, որ դուք հավակնում եք արտգործնախարարի պաշտոնին։։

Ղուլյանի խոսքով՝ դա կապված է այն մոտեցման հետ, որ խորհրդարանական գործունեության մեջ պետք է  սերնդափոխություն լինի.

«Սերնդափոխությունը միայն տարիքային չափորոշիչով չի սահմանափակվում, այնպես չի, որ ինչ որ տարիքի ես անցնում։ Խորհրդարանական գործունեությունը որոշակի բան ունի՝ փորձառություն ես հավաքում դա օգտագործում ես, այնպես որ   իմ որոշումը եղել է շատ ավելի վաղ, հրապարակումն է եղել նոր»։

Կապված արտգործնախարարի պաշտոնին հավակնելու հարցին, Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերն ավելի շատ կապված են նախկինում գործադիր իշխանությունում զբաղեցրած իմ պաշտոնի հետ, բայց այս պահին կոնկրետ բան չեմ կարող ասել, որովհետեւ քաղաքական ուժերով հանդիպել են նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որեւէ կոնկրետ հարց չի քննարկվել առավել եւս  կադրային եւ պայմանավորվել ենք, որ այդ  հարցերին անդրադառնալու ենք մայիսի 21–ին՝ նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո»։

  • Կիսվել: