հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աշոտ Ղուլյանն Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ քննարկել է Արցախի ընտրությունների հարցը

Աշոտ Ղուլյանն Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ քննարկել է Արցախի ընտրությունների հարցը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ նախագահ, Հայաստանի ծառատունկ ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին եւ բժիշկ Դեյվիդ Վեգմանին:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՀՀ-ի հետ համագործակցությունը՝ շեշտելով կառույցի ակտիվ դերակատարությունը Արցախի խորհրդարանի արտաքին կապերի ամերիկյան ուղղության համատեքստում:

Անդրադարձ է կատարվել հոկտեմբերի առաջին տասնօրյակում ԱՄՆ կոնգրեսականների Արցախ կատարած այցերին եւ դրանց արդյունքներին: Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է նաեւ Արցախում ԱՄՆ կողմից մարդասիրական ծրագրերի շարունակման եւ նոր ուղղություններով համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:

Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը եւս անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսականների Արցախ կատարած այցերին եւ համահայկական նշանակության հարցերում նրանց հետեւողական աշխատանքին: Նա նաեւ ԱԺ նախագահին է ներկայացրել ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւն առաջ մղելու, այնպես էլ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ իրենց կառույցի կատարած աշխատանքը եւ հետագա ծրագրերը:

Քննարկվել են արտերկրում գործող հայկական կառույցների համագործակցությանը եւ Արցախում սպասվող համապետական ընտրություններին վերաբերող թեմաներ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

  • Կիսվել: