հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աշան գյուղի բնակիչը գերության մեջ ենթարկվել է բռնության, առողջությանը պատճառվել ծանր վնաս. Արցախի դատախազություն

Աշան գյուղի բնակիչը գերության մեջ ենթարկվել է բռնության, առողջությանը պատճառվել ծանր վնաս. Արցախի դատախազություն

Ինչպես արդեն հայտնել էինք՝ նոյեմբերի 26-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ էր հայտնվել և ռուս խաղաղապահերի միջնորդությամբ հայկական կողմին վերադարձվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանը:
 
Արցախի դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով՝ Միհրան Մուսայելյանի մարմնի վրա առկա վնասվածքների առաջացման մեխանիզմը, տեղակայությունը և առողջությանը պատճառված վնասի աստիճանը որոշելու նպատակով 2021 թ. նոյեմբերի 27-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ Մ. Մուսայելյանի մարմնի վրա հայտնաբերվել էր քերծվածքների ու արյունազեղումների տեսքով 40-ից ավելի վնասվածք, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք՝ կրծքոսկրի մարմնի կոտրվածքի ձևով, որն ուղեկցվել է կրծքավանդակի օրգանների վնասումով՝ ձախակողմյան ենթամաշկային էմֆիզեմիայի ու պնևմոմեդիաստենումի զարգացումներով, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
 
Ձեռք բերված տվյալների հիման վրա ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 11-րդ կետերով (դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելը մի խումբ անձանց կողմից և ազգային ատելության շարժառիթով) նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է հետաքննություն:
 

  • Կիսվել: