շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՍՀ նախարարն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի մասին

ԱՍՀ նախարարն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի մասին

100 հազար դրամ աջակցությունը վճարվել է այս պահի դրությամբ 112.080 անձի, «40+10 հազար» ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսվա համար վճարվել է 104.027, նոյեմբերի համար՝ 77503 անձի: 50 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար՝ 69429, դեկտեմբեր ամսվա համար՝ 74439 անձի: Այս մասին  Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասով աջակցության ծրագրերին:

Ըստ նախարարի՝ հունվարի վճարումները ընթացքի մեջ են, այսօր արդեն մոտ 15 հազար անձի ուղարկվել են որոշակի վճարներ:

Ինչ վերաբերում է նպաստներին, ապա 135 անձի նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ, 191 անձի՝ մայրության նպաստ, 174 անձի՝ մինչև 3 տարեկան երեխայի նպաստ: Դիմումները շարունակվում են ընդունվել և մշակվել:

Մկրտչյանը հայտնեց՝ Արցախից բռնի տեղահանված բնակիչների վճարումները կարող են ուշանալ տարբեր տվյալների բազաների հաշտեցման պատճառով.  «Երբեմն ստիպված ենք լինում ստուգել աշխատանքի նախարարության տվյալների բազաները ՆԳՆ տվյալների հետ, որպեսզի պարզենք, թե կոնկրետ անձը Հայաստանում է, թե ոչ։ Հստակեցվել են 20.000 անձի տվյալները, նրանցից 15.000-ի համար վճարումները պատրաստվել են բաշխման համար:

Կենսաթոշակ և նպաստ ստանում են արդեն մոտ 12000 արցախցիներ՝ նույն կարգով և ժամկետներում, ինչ Հայաստանի քաղաքացիները»։ 

Թոշակների վճարման մասով նախարարը նաև տեղեկացրեց, որ դրանք կվճարվեն յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը, իսկ նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները կստանան այն օրը, երբ կստանան ՀՀ քաղաքացիները:  

Այլ հարցի շրջանակում անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առնչվող ծրագրերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 3 օր առաջ փոխվարչապետը նրանց բնակարանային ապահովման ծրագիրն է ուղարկել իրեն, և պայմանավորվել են, որ մեկ շաբաթվա ընթացքում մեծ խորհրդակցություն հրավիրել, կայացնել վերջնական որոշումներ ծրագրին ընթացք տալու համար:

  • Կիսվել: