հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արթուր Թովմասյանը խորին երախտագիտություն է հայտնել ԵԽ նախկին պատգամավոր էլենի Թեոխարիուսին

Արթուր Թովմասյանը խորին երախտագիտություն է հայտնել ԵԽ նախկին պատգամավոր էլենի Թեոխարիուսին

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել «Համերաշխության շարժում» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր էլենի Թեոխարիուսին:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

«Խորապես շնորհակալ ենք տիկին Էլենի Թեոխարիուսին, Ստրովոլոսի քաղաքապետ պարոն Անդրեաս Պապախարալամպուսին և Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Կիպրոսում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված Պուրակի բացման առիթով:
 
Արցախի խորհրդարանը երախտապարտ է Կիպրոսի և կիպրահայ հասարակությանը՝ արցախահությանը մշտապես աջակցելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար:
 
Անուրանալի է հատկապես տիկին Թեոխարիուսի անձնական ջանքերն ու հետևողական գործունեությունը՝ ուղղված հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու մեր ժողովրդի արդար պահանջները եվրոպական ատյաններում ներկայացնելու և պաշտպանելու գործում:
 
Էլենի Թեոխարիուսը Արցախի ժողովրդի կողքին էր դեռևս Արցախյան առաջին պատերազմի օրերին, երբ իր մասնագիտական ու անմիջական աջակցությունն էր ցուցաբերում ազատամարտում վիրավորված մարտիկներին:
 
Խորապես շնորհակալ ենք Ստրովոլոսի քաղաքապետ պարոն Անդրեաս Պապախարալամպուսին՝ Էլենի Թեոխարիուսի նախաձեռնությանը նպաստելու և հայ–կիպրական հարաբերությունների զարգացմանն օժանդակելու հարցում:
 
Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում հայկական սփյուռքի, մասնավորապես՝ կիպրահայության ունեցած ավանդը հայապահպանության գործում, երախտապարտ ենք արցախահայությանը մատուցած ծառայությունների համար:
 
Համոզված ենք, որ հայ-կիպրական, Արցախ-Կիպրոս համագործակցության շրջանակները հընթացս ավելի կամրապնդվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության» :

  • Կիսվել: