կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտակ Բեգլարյանը մանկական բուժմիավորումում ծանոթացել է սուր շնչառական վարակներով դեպքերի բուժսպասարկման ընթացքին

Արտակ Բեգլարյանը մանկական բուժմիավորումում ծանոթացել է սուր շնչառական վարակներով դեպքերի բուժսպասարկման ընթացքին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 4-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:

Ինչպես հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արտակ Բեգլարյանը շփվել է բուժանձնակազմի, բուժզննում անցնող երեխաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով ու շնորհավորել Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
 
Բուժմիավորման պատասխանատուները պետական նախարարին են ներկայացրել տոնական օրերի դիմելության և կանչերի վիճակագրությունը, մանրամասնել սուր շնչառական վարակների դեմ իրականացվող միջոցառումները: Ա. Բեգլարյանը տեղում հավաստիացել է հետազոտման և բուժման համար անհրաժեշտ սարքավորումների և դեղորայքի առկայությամբ՝ ընդգծելով, որ չնայած ծանրաբեռնվածության բարձր աստիճանին՝ պետք է այնպես անել, որ որևէ հիվանդ երեխա դուրս չմնա պատշաճ բուժսպասարկման հասանելիությունից:
 
Ա. Բեգլարյանը հանձնարարել է բնակչության շրջանում մեծացնել սուր շնչառական վարակների մասին իրազեկվածության մակարդակը, հատկապես ռիսկային խմբերում ակտիվացնել կանխարգելիչ միջոցառումները:
 

  • Կիսվել: