ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արտակ Բեգլարյանը այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց

Արտակ Բեգլարյանը այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին այցելել է Ստեփանակերտի բժշկական հաստատություններում ապաքինվող, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց:

Այս առնչությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՛՛Հիվանդանոց իմ այսօրվա այցի ու պաստահավաք գործունեության մասին: Հղի կնոջն էլ եմ տեսակցել, իր ու երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Շնորհակալություն մեր բժիշկներին այս օրերի իրենց մեծ նվիրման համար՛՛:

Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է վիրավորման դեպքերի հանգամանքներին, հետաքրքրվել բուժվող անձանց առողջական վիճակից ու կարիքներից և վերահաստատել, որ կիրառվելու է Պաշտպանի լիազորությունների մեջ գտնվող ողջ գործիքակազմը պատերազմական գործողություններից տուժած անձանց խախտված իրավունքների վերականգման ուղղությամբ: Պաշտպանը տեսակցել է նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված հղի կնոջը և հավաստիացել, որ մայրիկի և փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում:

Նա ընդգծել է, որ բոլոր վիրավորները պետք է գտնվեն պետության առանձնակի հոգածության ներքո:

Արտակ Բեգլարյանը խստիվ դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների նպատակային թիրախավորումը՝ որակելով դրանք որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ: Պաշտպանը շեշտադրել է, որ դրանք Ադրբեջանում վարվող հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումներն են, որոնց կանխարգելման և պատշաճ գնահատականներ տալու հարցերում պատասխանատվության իր բաժինն ունի նաև միջազգային հանրությունը:

 

  • Կիսվել: