կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմինե Տիգրանյանի ձեռք բերած՝ Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ոչնչացման փաստերը կներկայացվեն միջազգային դատարաններ

Արմինե Տիգրանյանի ձեռք բերած՝ Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ոչնչացման փաստերը կներկայացվեն միջազգային դատարաններ

Մշակութաբան, «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ փորձագետ, ԵՊՀ դասախոս  Արմինե Տիգրանյանը միջազգային ամենաբարձր ատյաններից մեկում՝ Եվրոպական խորհրդարանում, ներկայացրել է Արցախի Հանրապետության հոգևոր և մշակութային ժառանգության և ոչ նյութական արժեքների հրատապ պաշտպանության անհրաժեշտությունը։

Հունվարի 24-ին նա ծավալուն զեկույցով հանդես է եկել խորհրդարանում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության» համաժողովին։
 
Արմինե Տիգրանյանը իր սկզբնական ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ժառանգության ոչնչացման պետական քաղաքականության ուղղություններին, որոնցից են հոգևոր արժեքների ոչնչացումը և ինքնության օտարումը՝ աղվնացումը։ Նա ոչ միայն ներկայացրել է բուն կոթողների վտանգված լինելու հանգամանքը, այլև ԼՂ հայերի ոչ նյութական արժեքների, այդ թվում՝ ավանդույթների և համայնքային կյանքի պահպանման կարևորությունը։
 
Արմինե Տիգրանյանի՝ «Արցախի մշակութային ժառանգությունը. պահպանության մեխանիզմները ժառանգության պահպանության միջազգային համակարգում» գրքերը Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից բաժանվել են համաժողովի բոլոր մասնակիցներին։
 
Panorama.am-ի հետ զրույցում Արմինե Տիգրանյանն ասաց, որ իր զեկույցից հետո միջազգային իրավունքի մասնագետներից, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից համագործակցության առաջարկներ է ստացել։
 
«Միջազգային իրավունքի մասնգետ Պիեռ դ’Աղժանը, որը միջազգային դատարաններում ներկայացնում է Արցախի Հանրապետության խնդիրները, առաջարկել է, որպեսզի իմ ունեցած փաստագրական նյութերը ներկայացվի միջազգային դատարաններ։ Այսինքն սկսվում է ռեալ գործընթաց։
Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը և այլ պատգամավորներ մանրամասն լսել են ադրբեջանցիների կողմից Արցախի մշակութային ժառանգության աղվանացման քայլերի, պատմությունը կեղծելու մասին, խոստացել են այս հարցը նորից բարձրաձայնել»,- ասաց Ա.Տիգրանյանը։
Նա հայտնեց, որ համագործակցության առաջարկ է եղել նաև Եվրոպա Նոստրա միջազգային կազմակերպությունից, որը նույնպես շատ կարևոր է։  Եվրոպա Նոստրայի գլխավոր քարտուղարը իր խոսքում նշել է, որ հայաստանյան գործընկեր կազմակերպությունների, այդ թվում «Բնօրրան» ՀԿ -ի հետ, նախատեսվում է մեծ խորհրդաժողով՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով Դադիվանքի շուրջ 200 հայերեն արձանագրությունների և խաչքարերի պաշտպանության և աղվանացման դեմ պայքարի վրա։


Բելգիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ խորհրդաժողովը տեղի է ունեցել Եվրոպական խորհրդարանի անդամ Միրիամ Լեքսմանի և Եվրոպական ժողովրդական խմբակցության անմիջական ջանքերով։ Բանախոսների շարքում են եղել միջազգային իրավունքի պրոֆեսոր Պիեռ դ’Աղժանը, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Եվրոպա Նոստրա կազմակերպության Գլխավոր քարտուղար Սնեժկա-Քուադվլիխ Միխայլովիչը։
 
Համաժողովին ներկա են եղել Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպա Նոստրա կազմակերպության ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Դեսպան Բալայանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտմանը, Լեռնային Ղարաբաղից բռնի ուժով տեղահանված հայերի ներկա իրավիճակին, ինչպես նաև հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հույժ կարևորությանը։ Նա նշել է, որ քանի դեռ Ադրբեջանը չի կրել ծանր հետևանքներ իր կործանարար և աղետալի գործողությունների համար, ապա Ալիևի ռեժիմը կշարունակի խախտել միջազգային իրավունքը, միջազգային իրավական կարգը և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումները։ Դեսպան Բալայանը ներկայացրել է իր հայրենի գյուղի եկեղեցու նկարները, որն, ըստ արբանյակային նկարների, քանդվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, և հավելեց, որ նրանք միտված են շարունակել այս աղետալի քաղաքականությունը, քանի որ մնում են անպատիժ։
Միրիամ Լեքսմանը մատնանշել է անպատժելիության աղետալի հետևանքները և անդրադարձել երկակի ստանդարտներին և եվրոպական արժեքները քաղաքական նպատակահարմարությանը զոհաբերելու անթույլատրելիությանը։
Պիեռ դ՚Աղժանը ներկայացրել է հարցի իրավական ասպեկտը և անդրադարձել Արդարադատության միջազգային դատարանում սույն հարցի քննարկման մանրամասներին և ադրբեջանական կողմի հակադիր հայցերին։ Նա նշել է, որ Ադրբեջանը որդեգրել է Հայաստանի հայցերին հայելային սկզբունքով հակադարձելու քաղաքականությունը՝ նպատակ հետապնդելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը։
Հայր Գարեգինն անդրադարձել է հոգևոր ժառանգությանը և կարևորել վերջինիս պահպանության հարցը։ Նա նաև ներկայացրել է մի շարք մշակութային կոթողներ, որոնք կա՛մ ոչնչացվել են, կա՛մ օտարվել, կա՛մ կանգնած են ոչնչացման վտանգի առջև։
Եվրոպա Նոստրայի Գլխավոր քարտուղարը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում և ընդգծել, որ իր ղեկավարած կազմակերպությունը բազմիցս ահազանգել է իրականացվող ոտնձգությունների մասին՝ շեշտելով ԼՂ մշակութային ժառանգության կարևորությունը եվրոպական քաղաքակրթության համար։ Նա նաև առանձնահատուկ շեշտել է, որ «հայկական ժառանգությունը նույն եվրոպական ժառանգությունն է»։
Իր եզրափակիչ խոսքում, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելյամին ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության՝ իր պատմական բնօրրանը վերադառնալու իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, նշելով Արցախ պատմական անունը, Ադրբեջանի գործողությունները որոշելով մշակութային ցեղասպանություն։

  • Կիսվել: