երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Շուշիի երկրաբանության պետական թանգարան

Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Շուշիի երկրաբանության պետական թանգարան

Արցախի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր հյուրընկալվել է Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանում։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր Գաբրիելյանցի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են այստեղ պահվող՝ աշխարհի ավելի քան 40 երկրներից բերված քարերի ու հազվագյուտ տիպի ապարների հավաքածուին, դրանց ծագմանն ու պատմությանը։

Թանգարանում ներկայացված է շուրջ 500 նմուշ, որոնց մի մասն արցախյան գտածոներ են, մնացածը՝ հիմնականում պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուն, որը նվիրաբերվել է թանգարանին։

Շուշիում նախագահ Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այցելել են նաև Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի։

  • Կիսվել: