ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արգելվում է ատելություն սերմանող խոսքը, սադրանքը և հրահրումը. ԱՀ ոստիկանություն

Արգելվում է ատելություն սերմանող խոսքը, սադրանքը և հրահրումը. ԱՀ ոստիկանություն

Նախընտրական քարոզչության նպատակն է փոխել մարդկանց ընտրությունները, կարծիքները և վերաբերմունքը այս կամ այն թեկնածուի նկատմամբ, որը հիմնականում իրականացվում է խոսքի և արտահայտման ազատության հիման վրա:

Արցախի Հանրապետության ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ խոսքի և արտահայտման ազատությունը բացարձակ չէ, սովորաբար սահմանափակումները վերաբերում են զրպարտությանը, բռնություն և պատերազմ քարոզելուն, հասարակական անվտանգությանը, այլոց պատվի և արժանապատվության արատավորմանը։

Արգելվում է ատելություն սերմանող խոսքը, սադրանքը և հրահրումը: Սահմանափակումները կարող են հիմնավորված լինել, եթե դրանք պաշտպանում են հանրային շահը կամ ուրիշների իրավունքներն ու բարի համբավը: Խոսքի ազատությունը ենթադրում է նաև որոշակի բարոյական պարտականություններ ու պատասխանատվություն և կարող է որոշ դեպքերում սահմանափակվել, երբ դա անհրաժեշտ է այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության, պետական անվտանգության կամ հասարակական կարգի պաշտպանության համար։

Որքան էլ կարևորենք ազատ խոսքի, արտահայտվելու, մտքեր փոխանակելու իրավունքը, այնուամենայնիվ այն բացարձակ իրավունք չէ և կախված իրավիճակից կարող է սահմանափակվել:

Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու նպատակով:

Խոսքի ազատության չարաշահումը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան այդ իրավունքի սահմանափակումը, հետևաբար այն չի կարող անվերջ ճկվել՝ սպառնալիք ստեղծել կամ վնաս հասցնել անձանց, հասարակության և պետության շահերին: Ազատ խոսքը ևս ունի սահմաններ, և այդ «կարմիր գիծ»-ը հատելը կարող է վնաս հասցնել հասարակության և պետության շահերին:

  • Կիսվել: