կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արձանագրված հրաձգության դեպքը թշնամու հերթական սադրանքն է՝ ուղղված արցախահայությանը. քաղաքագետ

Արձանագրված հրաձգության դեպքը թշնամու հերթական սադրանքն է՝ ուղղված արցախահայությանը. քաղաքագետ

Շուշի-Ղայբալիշեն հատվածում երեկ արձանագրված անկանոն հրաձգության դեպքը ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է` ուղղված Արցախում ապրող քաղաքացիական բնակչության դեմ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

Նրա հավաստմամբ՝ եռակողմ համաձայնագրից հետո արդեն մի քանի անգամ փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական տարածքներից հակառակորդի կողմից անհասցե կրակոցներ են հնչել, որոնք, բնականաբար, հանրային մեծ հնչեղություն են ստացել և մտահոգությունների առիթ դարձել։

«Իրականում դա Բաքվի կողմից հատուկ մշակված և շատ լուրջ հոգեբանական զենք է` ուղղված Արցախում ապրող հայ ժողովրդի, քաղաքացիական բնակչության դեմ։ Նպատակը պարզ է` բնակչությանը հոգեբանական տեռորի ենթարկելով ստիպել նրանց լքել իրենց հայրենիքը, Ադրբեջանը միշտ էլ նպատակ է ունեցել հայաթափել Արցախը, դա է վկայում ժամանակին Ինքնավար Մարզի դեմոգրաֆիական պատկերը։ Այնուամենայնիվ չպետք է տրվել սադրանքներին ու որքան էլ դժվար լինի` պետք է ցանկացած գնով ամուր կանգնենք մեր հողում»,֊ ընդգծել է մեր զրուցակիցը։

  • Կիսվել: