հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախյան պատերազմների մասնակիցների համար հմտությունների դասընթաց կկազմակերպվի

Արցախյան պատերազմների մասնակիցների համար հմտությունների դասընթաց կկազմակերպվի

Հայաստանի Հանրապետությունում գործող «Մարդկային ռեսուրսներ Ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Նոր Էջ» նախագծի շրջանակներում պատերազմին մասնակցած երիտասարդների համար ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կկազմակերպվի հմտությունների դասընթաց՝ «Բանակցություններ, հաղորդակցում, առաջնորդություն» թեմայով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «ՄՌ Ասոցիացիա» ՀԿ-ի հեղինակային «Նոր Էջ» նախագծի համակարգող Արփի Խալաթյանը։

«Արցախում 2020թվականի մարտական գործողությունների ավարտից գրեթե անմիջապես հետո մեկնարկեց «ՄՌ Ասոցիացիա» ՀԿ-ի հեղինակային «Նոր Էջ» նախագիծը, որի շրջանակներում մենք աշխատում ենք պատերազմի մասնակիցների հետ։ Նախագծի նպատակն է օգնել նրանց զարգացնել սեփական հնարավորությունները, ձեռք բերել գիտելիքներ ու հմտություններ աշխատաշուկա մուտք գործելու համար՝ այդպիսով նպաստելով նրանց` լիարժեք աշխատանքային կյանք վերադառնալուն»,-նշել է Ա. Խալաթյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի շահառուների մեծ մասը 2020 թվականի պատերազմի մասնակիցներ են, սակայն փոքր խմբերով կան նաև 2016թ. Ապրիլյան պատերազմի մասնակիցներ և տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր մարտերի մասնակցած, վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներ։

«Հաշվի առնելով, որ Արցախում ապրող երիտասարդները դժվարանում են մասնակցել Երևանում տեղի ունեցող դասընթացներին` նախագծի մասնակիցների կողմից ամենասիրված և պահանջված դասընթացը կանցկացնենք նաև Ստեփանակերտում։ Դասընթացն ուղղված է փափուկ հմտությունների զարգացմանը և առավել օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են աշխատել ղեկավար պաշտոններում կամ զբաղվել սեփական բիզնեսով, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են առաջնորդության հմտությունների զարգացմամբ։ Դասընթացի գրաֆիկը կհաստատվի խմբի ձևավորումից հետո՝ հնարավորինս հարմարեցնելով մասնակիցների գրաֆիկին»,-ընդհանրացրել է ծրագրի համակարգողը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: