հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Արցախում գործող «Հաթերք ֆուդ» ընկերությունը ոսկե մեդալի է արժանացել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացած PENTAWARDS ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունում, որը մասնագետները անվանում են փաթեթավորման դիզայնի «Օսկար»:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հաթերք ֆուդ» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանը կարևորելով ձեռքբերումը, ընդգծել է, որ այն իրականություն է դարձել բարձր որակի և պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ:

«Մենք ստեղծագործական խնդիր էինք դրել դիզայնի ձևավորմաման մեջ դնել զգացմունքներ, արկածային երանգներ, ինչպես նաև արտահայտել ապրանքանիշի ինքնությունը բնական մեղրի 9-ը տեսակի, հյութերի, նռան միջոցով: Կարևոր է փոխանցել ապրանքանիշի՝ «առողջ և եռանդուն կյանքի» խոստումը: Մենք հաճույք ենք ստանում երկար ճանապարհ անցնելուց ու մեղրի յուրաքանչյուր տեսակի մասին տարբեր պատմություններ իմանալուց, որոնք էլ տեսականորեն մենք ներկայացնում ենք: Հաթերքում են առաջին անգամ արտադրվել բազմաթիվ ապրանքատեսակներ: Այնտեղից շատ ճանապարհներ են բացվել էկոլոգիապես մաքուր, թարմ արտադրանքի որոնման համար»,-ներկայացրել է Ս.Միրզախանյանը:

Նրա խոսքով՝ արտասահմանյան 100-ավոր մրցակիցների մեջ աշխարհում լավագույնը ճանաչվելու տիտղոսն ու հեղինակավոր մրցանակն ավելի է պարտավորեցնում՝ աշխատելու, ստեղծագործելու և ստեղծելու լավագույն արտադրանք: Հիմնադիր տնօրենի փոխանցմամբ՝ նոր փաթեթավորմամբ արտադրանքները շուտով վաճառքում կլինեն ինչպես տեղական շուկայում, այնպես էլ աշխարհի մի քանի երկրներում:

«Հայկական մեղրի բարձր որակին և յուրահատուկ համերին այսուհետ կավելանա գեղեցիկ փաթեթավորումը, էսթետիկ հաճույք պատճառելով իր սպառողներին»,-հավելել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: