երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արցախյան բույսերից պատրաստված կոսմետիկ միջոցներն արժանացել են ԵՄ լաբորատորիայի հավաստագրին

Արցախյան բույսերից պատրաստված կոսմետիկ միջոցներն արժանացել են ԵՄ լաբորատորիայի հավաստագրին

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Բնագիտական» լաբորատորիայում ստացված մաշկի խնամքի միջոցը «Երևանի տեխնոլոգիական ինստիտուտ» հիմնադրամի կողմից փորձաքննություն է անցել Եվրամիության լաբորատորիայում և արժանացել հավաստագրի:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Բնագիտական» լաբորատորիայի հիմնադիր-ղեկավար, պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ներսիսյանը՝ մանրամասնելով, որ բուհի լաբորատորիայում ստացված արդեն երկրորդ կոսմետիկ միջոցն է Սլովակիայի Բրատիսլավա քաղաքի «Eurofins Bel/Novamann» լաբորատորիայում ենթարկվել ֆիզիկաքիմիական փորձաքննություն և ստացել հավաստագիր:

«Համալսարանի «Բնագիտական» լաբորատորիան բնական ծագման հումքի հիման վրա պարբերաբար իրականցնում է պրեպարատների արտադրություն:

Առաջին անգամ Եվրամիության լաբորատորիա փորձաքննության է ուղարկվել «Քուին Էսթեր» (Էսթեր թագուհի), այնուհետև «Դոննա Մերի» կոսմետիկ միջոցները: Դրանք նախատեսված են տարիքային փոփոխություններ կրած մաշկի խնամքի համար, ունեն հակաբորբոքային էֆեկտ, հարթեցնող և սնուցող հատկություններ, վերացնում են կնճիռները և հակաբակտերիալ են: Պատրաստված են Արցախի բուսական աշխարհի բնական բաղադրիչներից և մարդկանց համար անվտանգ են:

Նախապես այդ քսուքները Հայաստանի Հանրապետության «Մտավոր սեփականություն» գործակալության կողմից հավատարմագրվել են, որից հետո ուղարկվել Եվրամիության լաբորատորիա: Փորձաքննության արդյունքները գնահատվել են դրական, քսուքները՝ ճանաչվել անվտանգ ու բնական: Համալսարանում ստացված ևս մեկ մաշկի խնամքի քսուք՝ «Դոննա Լիզա» անվամբ, օրերս ուղարկվելու է փորձաքննության և լիահույս ենք, որ արդյունքները կլինեն բավարար»,-մասնավորապես ասել է նա:

  • Կիսվել: