Արցախը հանձնվել է Փաշինյան-Ալիև-Էրդողան համագործակցությամբ և հանցավոր համաձայնությամբ. Սաղաթելյան
Մեզ համար Արցախի Հանրապետության և Արցախի էջը փակված չէ: Այս մասին Արցախի Հանրապետության անկախության օրվան նվիրված «Վերադարձ» միջոցառման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Թշնամական քարոզչությունն ինչպես Հայաստանից դուրս, այնպես էլ, ցավոք, Հայաստանում, թիրախավորել է արցախցիներին։ Փորձում են Արցախի հայաթափումը ներկայացնել որպես արցախցիների՝ «չպայքարելու» հետևանք։
Ուզում եմ ասել՝ դուք չե՛ք պարտվել, դուք դավաճանվել եք։ Արցախը չի՛ ընկել, Արցախը հանձնվել է։ Արցախը հանձնվել է՝ Ադրբեջանի մաս ճանաչվելով, մնալով մենակ։ Արցախը հանձնվել է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-Ռեջեփ Էրդողան համագործակցությամբ և հանցավոր համաձայնությամբ»:
Սաղաթելյանը հավելեց, որ այսօր պահն է վերաիմաստավորելու մեր մոտեցումները և գտնելու վերականգնման ուղիները։