չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից. ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ ընդհանուր վիճակի մասին

Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից. ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ ընդհանուր վիճակի մասին

Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ, բայց Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ընդհանուր իրավիճակի մասին:

Նախարարի խոսքով՝ վիճակը բարդ է, բայց Արցախը դիմանում է և անպայման դիմակայելու է:

«Վիճակը բարդ է, բայց սա է, դիմանում ենք և դիմանալու ենք՝ անկախ ամեն ինչից», - ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է, մասնավորապես, բնական գազի վերականգնմանը Արցախում՝ Բաբայանը հաղորդեց, որ այդ խնդրի առնչությամբ նորություն դեռ չկա:

Ամեն դեպքում Արցախի արտգործնախարարը շեշտում է, որ Ադրբեջանի իշխանություններն են դիտավորությամբ խափանել արցախահայության գազամատակարարումը՝ այդ թվում քաղաքական նկատառումներով:

«Եթե չի թողնում վերանորոգենք արդեն ինչքան ժամանակ, հիմա էլ ուղղակի փակել է, ո՞վ է փակել, հո մե՞նք չենք փակում մեր գազը, իրե՛նք են անում», - ասում է նախարարը:

Դավիթ Բաբայանը Ադրբեջանի գործողությունները գնահատում է որպես մարդասիրական նորմերի դեմ ահաբեկչություն Արցախի բնակչության դեմ՝ ինչպես մարտի 22-ին գազամատակարարման խափանման հերթական դեպքի կապակցությամբ հայտարարել էր Արցախի արտաքին գործերի նախարարությունը:

«Սա է իրավիճակը: Դժվար է, բնականաբար, բայց դիմանում ենք», - հայտնեց արտգործնախարարը:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի իշխանությունները դիմում են ամենատարբեր միջոցների՝ Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ բարոյահոգեբանական ճնշում գործադրելու և ինչպես Արցախի Հանրապետության լիազոր մարմիններն ու իրավապաշտպաններն են հայտարարում՝ հայությանը էթնիկ զտման ենթարկելու նպատակով: Ինչպես Լեռնային Ղարաբաղից տարբեր խողովակներով՝ պաշտոնական աղբյուրների, լրատվամիջոցների, բնակիչների սոցցանցային հրապարակումների միջոցով եկող տեղեկատվական հոսքի ընդհանուր պատկերն է ցույց տալիս՝ գազատար խողովակների վնասումը կամ դրանից հետո տեղադրված փականի միջոցով կապույտ վառելիքի տարանցման ու այդպիսով, փաստորեն, շուրջ 120 հազար բնակչության ջեռուցման դադարեցումը այդ միջոցներից մեկն է միայն: Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը փորձում է ահաբեկել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակչությանը: Ադրբեջանցիները համայնքի բնակելի հատվածից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող բլրի վրա տեղադրված բարձրախոսներով, ընդ որում՝ հայերեն տեքստով կոչ են անում խաղաղ հայ բնակչությանը դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները և լքել գյուղը՝ սպառնալով հակառակ դեպքում ուժ կիրառել:

Անդրադառնալով նշված դեպքին՝ Արցախի արտգործնախարարը շեշտեց՝ Խրամորթը կանգնած է և անկախ ամեն ինչից դիմակայելու է: Արցախում, ըստ նրա, վաղուց ծանոթ են Ադրբեջանի այդ գործելաոճին և ոչ մի դեպքում չեն վհատվում ու չեն ահաբեկվում:

«Մի օր այստեղ է այդպիսի դեպք լինում, մի օր մեկ ուրիշ տեղ է լինելու: Սա իրենց ոճն է, մենք արդեն վաղուց ծանոթ ենք դրան: Սա որևէ ձևով մեզ չի ահաբեկել», - հավելեց Դավիթ Բաբայանը:

Արցախի տարածք բնական գազ տարանցող խողովակաշարը վնասվել էր մոտ երկու շաբաթ առաջ: Երկար ժամանակ ադրբեջանցիները թույլ չէին տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Ռուս խաղաղապահների միջնորդությամբ դա ի վերջո հնարավոր դարձավ, և նախորդ շաբաթվա վերջին՝ մարտի 18-ին, Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են: Հաջորդ օրը պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտարարեց, որ գազի մատակարարումը շուտով ամբողջությամբ կվերականգնվի: Սակայն մարտի 21-ի ուշ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը:

«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը», - նշվում էր հայտարարության մեջ:

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից: Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվի այս պահվածքը որակում է մարդասիրական ահաբեկչություն, որը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները:

Հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում:

«Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից», - նշել էր արտգործնախարարությունը:

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները իրենց հերթին հայտարարեցին, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի բնակչության ահաբեկման պետական քաղաքականությունը՝ Արցախը էթնիկ զտման ենթարկելու և բնիկ հայերից դատարկելու նպատակով:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հաղորդել է, որ դադարեցված գազամատակարարումը Արցախում դեռ չի վերականգնվել. ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։

Մարտի 23-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Արցախում ադրբեջանական կողմի միջամտության հետևանքով գազի մատակարարման դադարեցման հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գործի է դրել դիվանագիտական բոլոր ջանքերը:

  • Կիսվել: