երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում ընտրությունները պետք է հետաձգվեն ոչ թե քաղաքական, այլ առողջապահական ցուցումներով, սակայն այս պահին նման հիմքեր չկան․ Դավիթ Բաբայան

Արցախում ընտրությունները պետք է հետաձգվեն ոչ թե քաղաքական, այլ առողջապահական ցուցումներով, սակայն այս պահին նման հիմքեր չկան․ Դավիթ Բաբայան

Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են հետաձգվել ոչ թե քաղաքական, այլ բացառապես առողջապահական հիմքով, բայց այս պահին առողջապահական ցուցումներ չկան, InfoPort.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը:

«Մենք, իհարկե, առաջնային ենք համարում մարդկանց առողջությունը, բայց որպեսզի մենք որոշենք հետաձգել ընտրությունները, դրա համար պետք են առողջապահության նախարարության, հանձնաժողովի ցուցումներ: Եթե համապատասխան կառույցները որոշեն, որ ընտրությունների հետաձգումն անհրաժեշտ է առողջապահական նկատառումներից ելնելով, մենք դեմ չենք: Դա պետք է անի կոնկրետ կառույցը, քանի որ դա մարդասիրական, առողջապահական խնդիր է, ոչ թե քաղաքական», -ասաց Բաբայանը:

Դիտարկմանը, թե Արցախում ընտրությունները հետաձգելու համար նույնիսկ ակցիա են կազմակերպել որոշ երիտասարդներ, Բաբայանը արջձագանքեց. «Կան խմբեր, որոնք իրոք մտահոգված են, իսկ կան խմբեր էլ, որոնք փորձում են նման հայտարարություններից քաղաքական դիվիդենտներ շահել»:

Նշենք, որ մինչ այս պահը ընտրությունները հետաձգելու պահանջով հանդես է գալիս միայն մի թեկնածու՝ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Հատկանշական է, որ երևանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մի քանի օր առաջ Բալասանյանը դեռ չէր տեսնում ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն։ Սակայն ընտրությունները մոտենալուն զուգընթաց Բալասանյանին աջակցող մարտի մեկի գործով ազատազրկված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմը խորհուրդ է տվել նրան ակտիվացնել կորոնովիրուսի վտանգով պայմանավորված ընտրությունները դադարեցնելու օրակարգը, որպեսզի հնարավորինս հետաձգեն իրենց թեկնածուի պարտությունը։

Երեկ նման պահանջով հանդես եկավ նաև Արցախի հեղաձոխական կուսակցությունը, որին ոչ օֆիցիալ սատարում է արտգործնախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը։ Սակայն ինքը Մայիլյանը մինչ այժմ ընտրությունները հետաձգելու պահանջով հանդես չի եկել։

Հիշեցնենք՝ ընտրություններն Արցախում տեղի են ունենալու մարտի 31-ին, մասնակցության հայտ է ներկայացրել 14 թեկնածու: Ընտրապայքարից ինքնակամ հեռանալու ժամկետն ավարտվել է, սակայն որևէ մեկը ինքնաբացարիկ չի հայտնել: Ըստ պատասխանատու կառույցների, Արցախում իրականցվում են մշտական ստուգումներ, և կորոնավիրուսով վարակված որևէ հիվանդ չկա:

  • Կիսվել: