ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կանցկացվեն նոր հարցաշարով

Արցախում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կանցկացվեն նոր հարցաշարով

Արցախի Հանրապետությունում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կանցկացվեն նոր հարցաշարով՝ ապրիլի 11-ից։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Օհանյանը:

«Այս պահի դրությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական քննությունները անց են կացվում հայերեն և ռուսերեն լեզուներով, իսկ ապրիլի 10-ից սկսած՝ կլինեն նաև անգլերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով: Քննությունների տեսական որակավորումը անց է կացվում ամեն օր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-ից մինչև 12:00-ն: Անձը ներկայացնում է անձնագիր, և տեղում ստուգում ենք՝ արդյո՞ք նա գրանցված է հոգեթմրաբանական հիվանդանոցում, թե՝ ոչ: Ստուգում ենք նաև արտաքինից երևացող թերությունները: ԱՀ Կառավարության որոշման համաձայն՝ սահմանված է հիվանդությունների ցանկ, որը խոչընդոտում է վարորդական վկայական ստանալուն: Եթե տվյալ ցանկի մեջ ներառված հիվանդությունները առկա չեն քաղաքացու մոտ, և նա գրանցված չէ հոգեթմրաբանական հիվանդանոցում, տեղում վճարում է 3000 ՀՀ դրամ տեսական քննության համար և մասնակցում քննությանը»,-ներկայացրել է Ա. Օհանյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ հարցաշարը բաղկացած է 1116 հարցից, տեսական քննության 10 հարցի փոխարեն՝ սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։

«Գիտելիքների ստուգման 20 հարցից քաղաքացին պետք է ճիշտ պատասխանի 18֊ին: Տեսական քննությունը անց է կացվում երկու փուլով. Առաջին փուլում ընդգրկված են տեսողական հարցեր, որը կոչվում է հոգեբանական թեստ: Հոգեբանական 3 հարցերին ճիշտ պատասխանելուց հետո բացվում է 20 հարցից բաղկացած հարցաշարը՝ 2-5 տարբերակ ունեցող պատասխաններով»,-նշել է նա և տեղեկացրել, որ նոր հարցաշարերն արդեն ոստիկանության պաշտոնական՝ police.am կայքում են։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմող քաղաքացիները պետք է Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանում ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, օտարերկրյա քաղաքացիները` անձը հաստատող, ինչպես և Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` կացության քարտ, քաղաքացիություն չունեցող անձինք` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ՝ կացության քարտ:

  • Կիսվել: