չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
 Արցախում ուսուցիչների պակասը համալրելու համար կընդգրկվեն նաև թոշակառուներ. փոխնախարար

Արցախում ուսուցիչների պակասը համալրելու համար կընդգրկվեն նաև թոշակառուներ. փոխնախարար

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընթացիկ տարվա հուլիսին Հանրապետության հանրակրթական և նախադպրոցական հաստատություններում առկա թափուր տեղերի համալրման համար հայտարարել էր մրցույթ։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում փոխնախարար Միքայել Համբարձումյանը նշել է, որ գործընթացը բավականին բարդ է, և շոշափելի արդյունքներ դեռևս չկան։

«Ունենք մոտ 1400 թափուր ժամաքանակ։ Մարտակերտի շրջանի 30 դպրոցներում առկա էր ուսուցչի 70 թափուր տեղ, որից համալրվել է ընդամենը 6-ը, Մարտունու շրջանի 19 դպրոցում 21 տեղից՝ 10-ը, ընդ որում՝ 2-ը «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի ուսուցիչներ են։ Այս ծրագրով մոտ 9 ուսուցիչ առաջիկա ուսումնական տարում կսկսի դասավանդել Արցախի գյուղական համայնքներում»,-ասել է Մ. Համբարձումյանը՝ հավելելով, որ նշված թափուր ժամաքանակից առայժմ ընհանուր առմամբ համալրվել է 320-ը։

Ըստ փոխնախարարի՝ խնդրի լուծման համար կներգրավեն գյուղական համայնքներում թոշակի անցած մանկավարժներին:

«Եթե լինեն թոշակառու մասնագետներ, որոնց առողջությունը թույլ կտա դասավանդել, ապա նրանց կրկին կհրավիրեն աշխատանքի»,-հավելեց մեր զրուցակիցը։ Նրա տեղեկատվությամբ՝ մանկավարժների թափուր տեղեր կան նաև մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Մասնավորապես՝ Ստեփանակերտի համար 3 ռուսական թեքմամբ դպրոցում 4 դասվարի և 1 դաստիարակի թափուր տեղի համար հայտարարված մրցույթով լրացվել է միայն դաստիարակի հաստիքը։

«Թափուր տեղերը հիմնականում բնագիտական հոսքում են։ «Մաթեմատիկա» առարկայից առկա է 25 թափուր տեղ՝ 463 ժամով, «Ֆիզիկա»-ից՝ 21, ժամաքանակը՝ 220։ Բնագիտական հոսքում մանկավարժական կադրերի համալրելու գործընթացը դժվար է, քանի որ նախ՝ բուհը չի թողարկում անհրաժեշտ թվով մասնագետներ: Բացի այդ, աշխատավարձի չափն այնքան էլ գոհացուցիչ չէ»,- ընդգծել է փոխնախարարը։

  • Կիսվել: