ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում տեղեկատվություն չունեն հայկական կողմից հրադարարի խախտման միջադեպից, որի մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն

Արցախում տեղեկատվություն չունեն հայկական կողմից հրադարարի խախտման միջադեպից, որի մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն

«Հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է այսպիսի հայտարարություն արել երեկ՝ հավելելով, որ զոհեր, վիրավորներ չկան։ Ի՞նչ միջադեպ է եղել Արցախում, սահմանի ո՞ր հատվածում։ Արցախի տեղեկատվական շտաբը, պաշտոնական աղբյուրները որևէ տեղեկություն չեն տարածել, գրում է azatutyun.am-ը:

«Հայտարարությունն ինձ էլ զարմացրեց», - ասում է Արցախի խորհրդարանի պատգամավոր, պաշտպանության անվտանգության հանձնաժողովի անդամ Դավիթ Իշխանյանը.

- «Օրվա ընթացքում առիթ եմ ունեցել մի քանի պետական պաշտոնյաների, գործադիրի անդամների հետ հանդիպել, հասկանալ որևէ տեղեկատվության կա թե չի։ Տեղեկատվություն չունեն»։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն այն կարծիքին է, որ Ռուսաստանն այսպիսով հավասարակշելու փորձ է անում.

- «Ենթադրում եմ, որ պարզապես հերթական ինչ-որ փոխհրաձգություն է տեղի ունեցել շփման գծի տարբեր հատվածներում, և ռուսական կողմը իր նախորդ հայտարարությունները բալանսավորելու համար... հիշեցնեմ, որ օրեր առաջ նրանք հերթական անգամ մեղադրել էին Ադրբեջանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հիշում ենք, որ Փառուխի դեպքերից հետո էլ էին մեղադրել։ Կարծում եմ, այդ հայտարարությունը տարածվել է հենց նախկին հայտարարությունները բալանսավորելու համար և ինչ-որ չեզոք կողմի այդ իմիջը պահպանելու համար»։

Ուրբաթ օրը ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում միջդիրքային չեզոք գոտու հատվածում փորձել էր բարելավել դիրքերը։

  • Կիսվել: