ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում տեղական արտադրանքի ծավալների ավելացմանը միտված ծրագրերը հաստատվել են. պատասխանատու

Արցախում տեղական արտադրանքի ծավալների ավելացմանը միտված ծրագրերը հաստատվել են. պատասխանատու

ԱՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատվել են «Ջերմոցային տնտեսությունների զարգացման», «Ցանքաշրջանառության խթանման» և «Այգեգործության զարգացման» ծրագրերը, որոնք կնպաստեն Հանրապետության տեղական արտադրանքի ծավալների ավելացմանը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը:

«Ջերմոցային տնտեսության զարգացման ծրագիրը ենթադրում է երկու միջոցառում: Առաջինը գործող ջերմոցային տնտեսություններին տրամադրվող միանվագ աջակցությունն է՝ ջեռուցվող ջերմատների դեպքում` 1 քառ. մետրի դիմաց 600 դրամ, իսկ չջեռուցվող ջերմոցների դեպքում` 1 քառ. մետրի դիմաց՝ 300 դրամ: Երկրորդ միջոցառումը վերաբերում է նոր կառուցվող ջերմոցային տնտեսություններին, որը ևս բաղկացած են երկու մասից: Առաջինը սովորական ավանդական ջերմոցային տնտեսությունների կոնստրուկցիոն կառուցման համար տրամադրվող աջակցությունն է՝ 1 քառ. մետրի դիմաց 8000 դրամ, բայց կան նաև սահմանափակումներ, այսինքն՝ նվազագույնը 100 քառ. մետրից սկսած, և կան նաև սահմանված չափորոշիչներ կողային բարձրությունների և առավելագույն բարձրության համար. Կողային բարձրությունը 2 մ-ից ոչ պակասն է, իսկ առավելագույն բարձրությունը՝ ոչ պակաս, քան 4.5 մ: Երկրորդ միոցառումը նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմատների կառուցումն է՝ 1 քառ. մետրի համար 22 000 դրամ, որտեղ սահմանափակումները սկսվում են` սկսած նվազագույնը 500 քառ մետրից»,-ներկայացրել է Վ. Ավետիսյանը, և հավելել, որ ջերմատների համար կարկտապաշտպան ցանցեր կտեղադրվեն, որոնց համար կտրամադրվի 250 դրամ 1 քառ. մետրի դիմաց:

Ըստ Վ. Ավետիսյանի «Այգեգործության զարգացման» ծարգրով ևս նախատեսվում է երկու միջոցառում:

«Առաջինը տնկիների արժեքի մասնակի սուբսիդավորումն է, բայց ոչ ավել, քան 100 դրամ մեկ տնկիի դիմաց: Մյուս միջոցառումը կարկտապաշտպան ցանցերի տեղադրումն է: Այն այգիների դեպքում, որտեղ տեղադրված են հենասյուներ, կտրամադրվի 3 մլն դրամ, քանի որ ենթադրվում է, որ աշխատանքների մի մասը կատարված է, իսկ եթե այգին նոր է հիմնվում կամ չի ենթադրում հենասյունային մշակություն, ապա տրամադրվում է 6 մլն դրամ»,-նշել է նա:

Փոխնախարարի համոզմամբ՝ ամենամեծ ու խոշոր ծրագիրը ցանքաշրջանառության խթանման ծրագիրն է, որով նախատեսվում են մի քանի միջոցառումներ:

«Այս ծրագրով կտրամադրվեն գարնանացան մշակաբույսերի սերմեր՝ արժեքի մասնակի սուբսիդավորմամբ, տվյալ դեպքում մինչև 80 %: Բազմամյա մշակաբույսերի դեպքում տրամադրելու ենք անհատույց, իսկ եգիպտացորենի, հնդկացորենի, կտավատի և արևածաղկի դեպքում` մինչև 80 %՝ արժեքի մասնակի սուբսիդավորմամբ: Բացի դրանից, այն հողօգտագործողները, ովքեր կզբաղվեն եգիպտացորենի մշակությամբ անասնապահական ֆերմաների համար, այս դեպքում 1 կգ իրացված սիլոսի հումքի դիմաց կտրամադրվի 10 դրամ լրավճար: 20 դրամ լրավճար կտրամադրվի ծխախոտի հումքի իրացման դեպքում: Իսկ ոլոռի, սիսեռի, ոսպի դեպքում պետական աջակցություն սերմերի տրամադրման մասով չի նախատեսվում, սակայն նախատեսվում է պետական աջակցության լրավճարի տրամադրում մինչև 30 դրամ 1 կգ դիմաց, եթե հողօգտագործողները իրացումը իրականացնեն ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներում, որի համար առաջարկվելու է շուկայականից բարձր գին»,-ասել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: