ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում «Սոցիալական աշխատանք» դասընթացի մասնակիցների առաջին խումբն ավարտական վկայականներ է ստացել

Արցախում «Սոցիալական աշխատանք» դասընթացի մասնակիցների առաջին խումբն ավարտական վկայականներ է ստացել

Այսօր՝ հուլիսի 18-ին, Արցախի Հանրապետության կառավարության դահլիճում տեղի է ունեցել «Սոցիալական աշխատանք» դասընթացն ավարտած առաջին՝ 16 մասնակցի ավարտական վկայականների հանձնման արարողությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ պարա-պրոֆեսիոնալների ներածական դասընթացն իրականացվել է Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ՝ ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության և ՀՀ Սոցիալական աշխատողների ասոցիացիայի համատեղ ջանքերով ներդրված «Արցախում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման վերապատրաստման» ծրագրի շրջանակներում:
 
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորելով դասընթացը հաջողությամբ ավարտածներին , նշել է, որ տասնյակ սոցաշխատողներ արդեն իսկ գտնվում են ծառայության մեջ՝ ապահովելով որոշակի վաստակ և արդյունք:
 
«Այս բարեփոխումն իր արդյունավետությունը ցուցաբերել է և այժմ է վկայականներ են տրամադրվում դասընթացի առաջին խմբի մասնակիցներին: Համոզված եմ, որ շրջանավարտները կյանքի ընթացքում չեն փոշմանելու այս ընտրության համար, քանի որ սա և՛ աշխատանք է, և՛ ծառայություն հայրենիքին»,- ասել է Ա. Բեգլարյանը:
 
Պետնախարարը շնորհակալություն է հայտնել ծրագիրն Արցախում նախաձեռնելու համար, ընդգծելով, որ ի դեմս Միրա Անտոնյանի և նրա արհեստավարժ թիմի՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան վստահություն է վայելում Հանրապետության պետական կառույցների կողմից:
 
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը պատամական է համարել օր: Նա տեղեկացրեց, որ 216 ակադեմիական ժամից տևողությամբ դասընթացի արդյունքում՝ 25 ուսանողից 16-ն են կարողացել հաջողությամբ հանձնել քննությունը՝ ստանալով 75-ից բարձր միավորներ:
 
«Այս ամենը սկսվեց մասնագիտական ներուժի վստահության կետից : Տարի ու կես առաջ այս նույն դահլիճում քննարկում էինք բնակչության հոգեբանական աջակցության հայեցակարգը պատերազմից հետո,որը լուրջ մշակում էր անցել: Այն ենթադրում էր և՛ ծառայություններ, և՛ աշխատուժ, և՛ իրավական կարգավորումներ, նպատակ ունենալով, որ Արցախն ունենա սոցիալական աշխատողի պատրաստման իր դպրոցը: Արդյունքում՝ այսօր ականատեսն ենք 16 շրջանավարտի ավարտական վկայականների տրամադրմանը: Ամեն ինչ ավելի իդեալական կլիներ, եթե ամեն հաստատությունում, թեկուզ քիչ դրույքով, սոցիալական աշխատող լիներ»,- հավելել է Մ. Անտոնյանը:
 
Միջոցառմանը ներկա էին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, պաշտոնատար այլ անձինք, Արցախում գործող բուհերի ղեկավարներ:
 
«Սոցիալական աշխատանք» դասընթացի մասնակիցների ավարտական վկայագրերը հանձնելու արարողությանը հաջորդել են քննարկումներ ոլորտում առկա խնդիրների ու բարեփոխումների վերաբերյալ:

  • Կիսվել: