հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում սննդամթերքի շուկայում վերահսկողություն են իրականացնում. ՍԱՊԾ պետ

Արցախում սննդամթերքի շուկայում վերահսկողություն են իրականացնում. ՍԱՊԾ պետ

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, Սուրբ Հարության տոնին (Սուրբ Զատիկ) ընդառաջ, ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ձվամթերքի շուկայում կկազմակերպվեն միջոցառումներ, քանի որ, այդ հանգամանքով պայմանավորված, ձվամթերքի շուկայում պահանջարկը ավելանում է, և ըստ այդմ աճում է նաև ռիսկը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Արթուր Ներսիսյանը:
 
Նրա խոսքով՝ ծառայության համապատասխան ստորաբաժանման մասնագետները անասնաբուժակայան կայանի աշխատակիցների հետ միասին հսկողություն են իրականացնում ձվամթերքի շուկայում ոչ միայն մակնշման, այլ նաև թարմությունը ճշտելու նպատակով: Դրան զուգընթաց՝ վերահսկողություն է իրականացվում նաև առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների շուկայում:
 
Ա. Ներսիսյանի խոսքով՝ ԱՀ ԱՆ-ի հետ համատեղ ծառայությունը մշակել է նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներ՝ հանրային սննդի օբյեկտների, արտադրամասերի և պարենային իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյետկների պատասխանատուների համար:
«Ուղեցույցները կարճ ժամանահատվածում բաժանվել են հանրապետության սննդի շուկայում գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին: Զուգահեռաբար տրվել են նաև մեթոդական ցուցումներ: Հաջորդ փուլում վերահսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից կատարվող աշխատանքի ընթացքի վերաբերյալ: Ստուգայցեր են իրականացվում նաև գյուղատնտեսական նշանակության շուկաներում»,- նշել է ՍԱՊԾ պետը:
 
Ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ ծառայությունն աշխատում է օպերատիվ ռեժիմով: Ստեղծվել են օպերատիվ արձագանքման խմբեր, որոնք աշխատում են շուրջօրյա ռեժիմով: Ի դեպ, ծառայությունում գործում է 50-99 կարճ համարով թեժ գիծ, որին քաղաքացիները կարող են զանգահարել՝ սննդամթերքի անվտանգության ասպարեզում որևէ խնդիր արձանագրելու դեպքում:

 

  • Կիսվել: