շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում քվեարկության ողջ օրը ամենամեծ 48 ընտրատեղամասերից առցանց ուղիղ եթեր կապահովվի

Արցախում քվեարկության ողջ օրը ամենամեծ 48 ընտրատեղամասերից առցանց ուղիղ եթեր կապահովվի

Արցախում քվեարկության ողջ օրը ամենամեծ 48 ընտրատեղամասերից առցանց ուղիղ եթեր է հեռարձակվելու: Արցախի հանրային հեռուստատեսության և մասնագիտացված կազմակերպությունների կողմից այժմ վերջին աշխատանքներն են տարվում, որ վաղը հնարավոր լինի Ստեփանակերտի ու շրջկենտրոնների բոլոր 48 ընտրատեղամասերից քվեարկության ու հաշվարկի ողջ ընթացքը առցանց ուղիղ եթերով հեռարձակել: Հեռուստատեսությունը առավոտյան կհրապարակի համապատասխան հղումները:

Ինչպես նշում է Արցախի օմբուդզմեն Արտակ Բեգլարյանը՝ սա ողջունելի նախաձեռնություն է քվեարկության թափանցիկության լրացուցիչ երաշխիքների ապահովման գործում:

Իր ֆեյսբուքյան էջում ՄԻՊ-ը հույս է հայտնել, որ հաջորդ ընտրություններին հնարավոր կլինի բոլոր ընտրատեղամասերից ուղիղ եթեր ապահովել:

՛՛Իսկ ինչ վերաբերում է քվեարկության կազմակերպման աշխատանքներին, ապա ոչ միայն պետք է պատշաճ պայմաններ ապահովել ընտրական իրավունքների իրացման համար, այլ նաև այս իրավիճակում պետական մարմինների և ընտրական գործընթացում ներառված բոլոր անձանց (ներառյալ՝ ընտրողների) ամենամեծ ուշադրությունը պետք է դարձվի առողջապահական վտանգների չեզոքացման վրա: Փաստորեն, վաղը իրացնում ենք մեր ընտրական ու առողջապահական իրավունքները: Ընտրությունների ավարտից հետո մենք կամփոփենք ընտրական ողջ գործընթացում ՄԻՊ աշխատակազմի ստացած դիմումներն ու կատարած աշխատանքները և հանդես կգանք համապատասխան առաջարկներով: Առողջ եղեք և ընտրեք սեփական կամքով ու խղճի թելադրանքով՛՛,-գրել է նա:

  • Կիսվել: