հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախում քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը գրանցված դեպքերը՝ այսօրվա դրությամբ

Արցախում քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը գրանցված դեպքերը՝ այսօրվա դրությամբ

Արցախի հանրապետության դատախազությունից հայտնում են, որ 31.03.2020թ. անցկացված ԱՀ համապետական ընտրությունների համար սահմանված նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը իրավապահ մարմինների կողմից դիմում-բողոքների, ահազանգերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների հիման վրա քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 72 հաղորդում, որից 18-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 8-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 5-ով հաղորդման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել, 3-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 8-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված՝ նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, 1-ն ուղարկվել է տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ 29-ը գտնվում է քննարկման փուլում:

Հիշյալ 72 հաղորդումներով ներկայացված դեպքերից 32-ը գրանցվել է Ստեփանակերտ քաղաքում, 11-ը՝ Մարտակերտի շրջանում, 11-ը՝ Մարտունու շրջանում, 7-ը՝ Շուշիի շրջանում, 2-ական՝ Քաշաթաղի, Հադրութի և Ասկերանի շրջաններում, իսկ 5 հաղորդման մեջ ներկայացված ենթադրյալ խախտումները կրել են ընդհանրական բնույթ և վերաբերել են տարբեր շրջանների:

Իրավապահ մարմինների կողմից քննված և դեռևս քննության փուլում գտնվող ընտրախախտումները և ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ հանցավոր և այլ բնույթի իրավախախտումները բաշխվել են հետևյալ կերպ՝

1) Ընտրակաշառքի վերաբերյալ — 9 դեպք,
2) Նախընտրական քարոզչության պաստառները վնասելու վերաբերյալ — 3 դեպք,
3) Վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ – 2 դեպք,
4) Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ – 1 դեպք,
5) Նախընտրական քարոզչությանը մասնակցող անձին զրպարտելու և վիրավորելու վերաբերյալ – 1 դեպք,
6) Նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու վերաբերյալ – 5 դեպք,
7) Ընտրողի ազատ կամարտահայտությունը ճնշելու վերաբերյալ – 8 դեպք,
8) Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ – 21 դեպք,
9) Ընտրական հանձնաժողովի անդամի, լրագրողի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ – 4 դեպք,
10) Քարոզչությունն արգելված ժամանակահատվածում քարոզչություն կատարելու վերաբերյալ – 2 դեպք,
11) Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ – 10 դեպք,
12) Քվեատուփերը կնքված չլինելու կամ կնիքի ամբողջականությունը խախտված լինելու վերաբերյալ – 5 դեպք,
13) Ընտրողների հիմնական և լրացուցիչ ցուցակները ոստիկանության կողմից չհրապարակելու վերաբերյալ – 1 դեպք:
Հերթական հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

  • Կիսվել: