շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում պտուղ-բանջարեղենի սեփական արտադրանքն աստիճանաբար գերակշռում է ներմուծման ծավալներին․ նախարար

Արցախում պտուղ-բանջարեղենի սեփական արտադրանքն աստիճանաբար գերակշռում է ներմուծման ծավալներին․ նախարար

 Արցախի գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող  նոր ծրագրերը, դրանց արդյունավետությունն ու ակնկալիքները, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացման հնարավորություններն  առկա ռեսուրսներով:  «Արմենպրես»-ին տված հարցազրույցում բուսաբուծության ոլորտում հետպատերազմական  ժամանակահատվածում մի շարք նոր ծրագրեր են ավելացել, ինչպես նաև վերանայվել են նախկինում գործողները։  Նա նշել է, որ ժամանակակից տարբեր տեխնոլոգիաներ ներկայում կիրառվում են ջերմոցային տնտեսություններում,  իսկ այգիների ու որոշ մշակաբույսերի ցանքատարածքների ոռոգման նպատակով էլ  շարունակական  ներդրվում են  կաթիլային համակարգեր: 

-Պարոն Մուսայելյան,  հետպատերազմյան ժամանակահատվածում ինչ նոր ծրագրեր են ներդրվել բուսաբուծության ճյուղում և ինչ արդյունք  են ապահովվել:
 

-Բուսաբուծության ոլորտում հետպատերազմական  ժամանակահատվածում մի շարք նոր ծրագրեր են ավելացել, ինչպես նաև վերանայվել են նախկինում գործողները։  Ներդրվել է «Ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագիրը», որի շրջանակներում ջերմատների կառուցման դիմաց աջակցություն է տրամադրվում՝ ավանդական ջերմատնային տնտեսությունների 1 քառակուսի մետրի համար 8 հազար ՀՀ դրամ, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատների դեպքում՝ 22 հազար դրամ:  Պետք է նշել, որ ծրագիրը բավականին աշխուժացրել է  բուսաբուծության ճյուղի տնտեսավարողների  գործունեությունը։ Արդյունքում ավելացել է այն հողօգտագործողների թիվը, որոնք զբաղվում են ջերմատնային տնտեսությամբ։

Գործում է նաև  «Ջերմատնային տնտեսությունների և այգիների ենթակառուցվածքների զարգացման ծրագրիր», որի  շրջանակներում ջերմատները էլեկտրաֆիկացվում կամ գազաֆիկացվում են, իսկ այգիները միայն էլեկտրաֆիկացվում, հնարավոր պայմաններ ստեղծելով դրանց բարձր բերքատվության  համար։

Մասնավորապես այգիների էլեկտրաֆիկացման նպատակը հիմնականում ոռոգման հնարավորության ապահովումն է՝ տարբեր վայրերից  ջուրը պոմպակայանի միջոցով տեղ հասցնելով:   Ջերմոցների գազաֆիկացման գործընթացն էլ միտված է  ջեռուցման ապահովմանը: Ամեն տարի բոլոր ծրագրերը վերանայվում են։ Խնդիրների դեպքում փորձում ենք  զսպող մեխանիզմներ կիրառել, որպեսզի խուսափենք չարաշահումներից, ինչը, կարծես, հաջողվում է և տարեցտարի  որոշակի դրական քայլ ենք արձանագրում եկամտաբեր այս ճյուղում: Մեր ծրագրերի բարեխիղճ  շահառուներն առաջինից հետո  երկրորդ ջերմոցի կառուցման մասին են մտածում՝ ընդլայնելով  իրենց արտադրական մակերեսները։ Հետպատերազմյան ժամանակահատվածում  բանջարաբոստանային մի շարք մշակաբույսերի բերքի   ծավալների բավականին աճ է արձանագրվել։ Եթե  նախկինում  տարվա որոշակի ժամանակահատվածում պտուղ-բանջարեղենի որոշ տեսակներ ներկրումն ավելի մեծ ծավալ էր կազմում, ապա  ներկայում շուկայում գերակշռում է տեղի արտադրանքը:

-Որո՞նք են ակնկալիքները  ջերմատնային տնտեսության զարգացման ծրագրերից և որքան՞ով է այս ճյուղը  հեռանկարային Արցախի համար:

-Նախ՝ միավոր տարածքից ավելի շատ բերք  է ապահովվում ջերմատնային տնտեսություններից։ Ամենակարևորը, որ այդ բերքն ապահովագրված է։ Զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրները ջերմատնային տնտեսությունների  վրա շատ մեծ գումարներ են ծախսում և համապատասխան  եկամուտներ ստանում:

-Ընթացիկ տարում հացահատիկայինների  բերքատվության ի՞նչ արդյունքներ են արձանագրվել:

-Հաշվի առնելով տեղումների մակարդակն ու ժամանակացույցը, ընդհանուր առմամբ, կարող ենք նշել, որ տարին համեմատաբար բարենպաստ է:  Մարտ ամսում տեղացած առատ ձյունը դրական ազդեցություն է ունեցել ցանքատարածությունների վրա:  Հացահատիկայինների այս տարվա բերքը  գոհացուցիչ է: Բավականին բարձր բերքատվություն է արձանագրվել, ինչն անհրաժեշտ ծավալով կապահովի բնակչության ինքնաբավության մակարդակը:

-Ոլորտում ներդրվում  ե՞ն  կամ կիրառվում ե՞ն  ժամանակակից տեխնոլոգիաներ:

-Ժամանակակից տարբեր տեխնոլոգիաներ ներկայում կիրառվում են ջերմոցային տնտեսություններում,  իսկ այգիների ու որոշ մշակաբույսերի ցանքատարածքների ոռոգման նպատակով էլ  շարունակական  ներդրվում են  կաթիլային համակարգեր:  Այդուհանդերձ, որքան տեխնոլոգիական բարելավումներ են իրականացվում, այնքան արտադրանքի ինքնարժեքն աճում է:  Տեխնոլոգիաներով վերազինվելու կարևոր պայմաններից են ներդրումները:

-Ի՞նչ ծրագրեր են իրականացվում  անասնաբուծության ոլորտում և որո՞նք են արդարացրել ակնկալիքները:

-Գործում են   տոհմային կենդանիների ներմուծման, արհեստական սերմնավորման, տեղական նախրի բարելավման, անասնաշենքերի, ձկնաբուծարանների, անասնաբուծական մթերք վերամշակող արտադրամասերի, սնկարանների կառուցման, վերակառուցման կամ ձեռքբերման, ինչպես նաև անասնաբուծության խթանման  ծրագրերը: Այդ շրջանակներում ընդլայնվում են ենթակառուցվածքները, իրականացվում` անասնաբուծական շենքերի էլեկտրաֆիկացում, ջրաֆիկացում, գազաֆիկացում: Ունենք նաև հեռագնա արոտավայրերի օգտագործման հետ կապված ենթակառուցվածքների ձևավորման, վարելահողերի, խոտհարքերի և արոտավայրերի բարելավման ծրագրեր, որոնց միջոցով նոր տարածքներ են ներառվում մշակության տակ /նախկինում թփակալված և գործունեության համար  ոչ պիտանի/: Բոլոր ծրագրերի պահանջարկը նկատելի է,  իսկ արդյունավետությունը՝  բարձր: Բավականին շատ հայտեր ունենք անասնաշենքերի կառուցման, վերանորոգման հետ կապված, որտեղ դիմումատուների թիվը գերազանցել է այդ ծրագրի համար բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները:

Շարունակվում է  տոհմային կենդանիների ներկրմամբ`համապատասխան տնտեսությունների ստեղծման գործընթացը: Ներկրված  բարձր կաթնատվությամբ ու մսատվությամբ կենդանիներից ստացված սերունդները տրամախաչվում են տեղականի հետ կամ իրականացվում  է արհեստական սերմնավորում: Արդյունքում ստացված խառնածիններն ունենում են բավականին բարձր մթերատու հատկանիշներ:  Գործընթացը  ժամանակատար է , սակայն    դրա շնորհիվ  տեղական նախրի  մթերատու հատկանիշները հնարավոր է հասցնել գրեթե այն ցեղի մթերատու հատկանիշին, որով իրականացվում է բարելավումը:

-Հաշվի առնելով սահմանափակ արոտավայրերը,  ինչ տարբերակներով է հնարավոր զբաղվել անասնապահությամբ և  Արցախում  ի՞նչ հեռանկար ունի այս ճյուղը:

-Անասնապահության բոլոր ճյուղերն էլ շարունակում են հեռանկարային մնալ: Փակ պահվածքով անասնապահությունը մի կողմից հեշտ է կազմակերպել, մյուս կողմից էլ , երբ կենդանիները կենտրոնացված են անասնաշենքում, պետք է կերային բազա ունենալ և կերակուտակման աշխատանքներ իրականացնել:

Խորդուբորդ ու  թեքություններով տարածքներում մսուրային պահվածքով կենդանիներ պահելն այնքան էլ ձեռնտու չէ. կերն ավելի հեռու վայրից պետք է տեղափոխել, ինչը լրացուցիչ ծախս է:

Այս պարագայում պետք է փոքր ֆերմաներ ունենալ, որոնց  շրջակայքում առկա են  բնական արոտավայրեր, իսկ մսուրային շրջանի համար անասնակերի տեղափոխումն այնքան էլ ծախսատար չի լինի: 

  • Կիսվել: