շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախում պետական հաշվառման է ենթարկվել 629 անհատ ձեռնարկատեր. գործընթացը շարունակական է

Արցախում պետական հաշվառման է ենթարկվել 629 անհատ ձեռնարկատեր. գործընթացը շարունակական է

ԱՀ Արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի ոլորտում 2021 թվականի ընթացքում շարունակվել է ԱՀ տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման ուղղությամբ գործընթացը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: «Հաշվետու ժամանակահատվածում պետական գրանցման են ենթարկվել 294 առևտրային և 38 ոչ առևտրային տիպի իրավաբանական անձ, 453-ի հիմնադիր փաստաթղթերի փոփոխությունները սահմանված կարգով գրանցվել են, իսկ 29-ի գործունեությունը` դադարեցվել: Պետական հաշվառման են ենթարկվել նաև 629 անհատ ձեռնարկատեր, 414-ը` ստացել ընթացիկ պետական հաշվառում, իսկ 121-ի գործունեությունը` դադարեցվել, որից 3-ը՝ ինքնաշխատ: 224 սուբյեկտի վերաբերյալ տրամադրվել են պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկություններ:

Գործակալության կողմից գրանցվել է 1 հատուկ թույլտվություն պահանջող ֆիրմային անվանում: Պետական գրանցումների և պետական հաշվառումների դիմաց գանձվել է 12.318.500 ՀՀ դրամ պետական տուրք»,-նշել է նախարարը։

Նրա տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում գանձվել է հատուկ թույլտվություն պահանջող ֆիրմային անվանումների օգտագործմամբ պայմանավորված 11.400.000 ՀՀ դրամ պետական տուրք և 2 իրավաբանական անձանց տարեկան պետական տուրքի պարտավորության ժամանակին չկատարմամբ պայմանավորված 18.000 ՀՀ դրամ հաշվարկված տույժ, որի հաշվակցմամբ հաշվետու ժամանակահատվածում գանձվել է 23.736.500 ՀՀ դրամ պետական տուրք: E-register.am էլեկտրոնային համակարգում գրանցված սուբյեկտների նկատմամբ կատարվել են 9 սահմանափակումների վերաբերյալ գրառումներ:

Փորձաքննությունների կատարման համար դատական փորձաքննությունների լաբորատորիայում գրանցվել են 373 մուտքեր, այդ թվում` նախորդ տարվանից փոխանցված մուտքերը:

Գրանցված 373 մուտքերի կատարմամբ ավարտվել են 184 փորձաքննություններ: «Նշված մուտքերից առանց կատարման նախաձեռնողներին հետ են վերադարձվել 39 մուտքեր` հիմնականում միջնորդության չբավարարման և նախաձեռնողների կողմից համապատասխան գրությունների հիման վրա՝ առանց կատարման հետ ուղարկելու պահանջով:

Հանձնաժողովային և համալիր կարգով կատարվել են համապատասխանաբար 5 և 32, իսկ միանձնյա 145 փորձաքննություններ: Դատական փորձաքննությունների լաբորատորիայի փորձագետները հետազոտել են 752 օբյեկտներ»,-հավելել է Ժ. Միրզոյանը։

  • Կիսվել: