ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում փաստացի բնակվելը տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագրի պայմաններից է լինելու

Արցախում փաստացի բնակվելը տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագրի պայմաններից է լինելու

Արցախում՝ բնակարանով ապահովելու միջոցառման շրջանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հավաքագրում է այն քաղաքացիների տվյալները, որոնց բնակարանները պատերազմի հետևանքով գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո և անօթևան են մնացել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Վաչե Վարդանյանը:

«Միջոցառման շրջանակում, համայնքապետերի միջոցով, ընդունում և գրանցում ենք, այն քաղաքացիների հայտերը, որոնց բնակավայրերը մնացել են ադրբեջանական վերահսկողության ներքո, որի հետևանքով մնացել են անօթևան: Միջոցառման նպատակը հավաքագրված տվյալների հիման վրա Արցախում բնակվելու պատրաստ այդ խմբի քաղաքացիների թիվը պարզելն է, ըստ որի էլ մշակվելու ու իրականացվելու է բնակարանային ապահովման և բաշխման ծրագիրը: Շահառու կարող են դառնալ այն քաղաքացիները, որոնք պատրաստ են այժմ բնակվել Արցախում»,-մանրամասնեց Վարդանյանը՝ հավելելով, որ նախատեսվող ծրագրով ֆիքսվելու է հստակ ժամանակահատված, ըստ որի` ամրագրվելու է, թե որքան բնակվելուց հետո է այդ բնակարանը համարվելու քաղաքացու սեփականությունը:

«Շահառու քաղաքացին չի կարող ստանալ բնակարան և չբնակվել այնտեղ»,-նշեց Վաչե Վարդանյանը՝ ընդգծելով, որ ներկա պահին միջոցառմանը չեն կարող հայտ ներկայացնել նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած բնակավայրերում անշարժ գույք ունեցող այն քաղաքացիները, որոնք փաստացի չեն բնակվել այնտեղ:

  • Կիսվել: