հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում նոր հետազոտական կենտրոն է բացվել

Արցախում նոր հետազոտական կենտրոն է բացվել

«Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» հասարակական կազմակերպությունը երկու ամիս է, ինչ գործում է Արցախում: Հիմնական նպատակն Արցախի համար օգտակար տեղեկատվություն գտնելն ու տեղեկատվական անվտանգության ապահովումն է: Կազմակերպության քարտուղար Դիանա Օհանյանը Artsakhtert-ի հետ զրույցում ասաց, որ երկու ամսվա ընթացքում իրականացրել են տարածաշրջանի երկրների ԶԼՄ-ների մշտադիտարկում և վերլուծություն, որը պատրաստ են տրամադրել զանգվածային լրատվամիջոցներին:

Նրա հաղորդմամբ՝ ՀԿ-ի հիմնադիր Ղարիբ Բաբայանը ռուսական թերթերին տարբեր թեմաներով հոդվածներ է տրամադրում, ինչպես նաև՝ ակտիվ համագործակցում են «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հետ: Նախատեսում են համագործակցել նաև արցախյան և հայաստանյան տարբեր ՀԿ-ների հետ: Դ. Օհանյանը վստահեցրեց, որ կենտրոնն առաջիկայում կիրականացնի գիտահետազոտական, վերլուծական մի շարք աշխատանքներ, միջազգային ու տեղական գիտաժողովներ, սիմպոզիումներ ու «Կլոր սեղան»-ի ձևաչափով միջոցառումներ, իրավական կրթության և մշակույթի քարոզչություն, տպագիր նյութերի հրապարակում, Արցախում տարբեր սոցիալական խմբերի հասարակական կարծիքների ուսումնասիրություն:

«Մեր գործունեության շրջանակներում նախատեսում ենք նաև կենտրոնի հետազոտությունների և վերլուծությունների արդյունքները բարձրաձայնել ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով: Կկազմակերպենք նաև տարբեր դասախոսություններ, կլոր սեղաններ, սեմինարներ և հանդիպումներ»-մանրամասնեց Դ. Օհանյանը՝ ավելացնելով, որ կենտրոնը կհամագործակցի այլ երկրների վերլուծական կենտրոնների հետ: Ըստ Դ. Օհանյանի՝ ՄՄՀ և ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ Արցախում մայիսի 9-ին գիտաժողով կկազմակերպվի՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին:

  • Կիսվել: