ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում նախագահի ընտրությունները միշտ մրցակցային են եղել

Արցախում նախագահի ընտրությունները միշտ մրցակցային են եղել

Քաղաքական եւ մանավանդ փորձագիտական ու լրագրողական որոշ շրջանակներից ձեւավորվող տպավորությունը, թե մարտի 31-ի նախագահական ընտրություններն Արցախում առաջին մրցակցայինը կլինեն, իրականությանը, մեղմ ասած, այնքան էլ չի համապատասխանում, գրում է վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը:

Արցախում նախագահի առաջին համաժողովրդական ընտրություններ անցկացվել են 1996թ.: Թեկնածուներ են գրանցվել եւ մրցապայքարին մինչեւ վերջ մասնակցել Բորիս Առուշանյան՝ անկուսակցական, Հրանտ Մելքումյանը՝ ԼՂՀ կոմկուսի կազմկոմիտեի նախագահ եւ Ռոբերտ Քոչարյանը՝ ԼՂՀ նախագահ, որ լիազորությունների երկամյա ժամկետով ընտրվել էր Գերագույն խորհրդի կողմից: Քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ, արտահերթ ընտրություններն անցկացվել են 1997թ.: Թեկնածուներ են գրանցվել Բորիս Առուշանյանը, Արթուր Թովմասյանը, որ այդ պահին գործող Ազգային ժողովի նախագահն էր եւ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը: Հաղթող է ճանաչվել Արկադի Ղուկասյանը, իսկ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել ԱԺ նախագահի պաշտոնից:

2002թ. նախագահական ընտրություններում թեկնածուներ են գրանվել Գրիգորի Աֆանասյանը, Արթուր Թովմասյանը, Ալբերտ Ղազարյանը եւ Արկադի Ղուկասյանը: Հաղթող է ճանաչվել Արկադի Ղուկասյանը:

2007թ. նախագահի թեկնածուներ են գրանցվել ՊԲ հրամանատարի թիկունքի գծով նախկին տեղակալ Արմեն Աբգարյանը, Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը, ԼՂ կոմկուսի առաջնորդ Հրանտ Մելքումյանը եւ ԱԱԾ տնօրեն Բակո Սահակյանը: Հաղթող է ճանաչվել Բակո Սահակյանը:

ԿԸՀ կայքում 2012թ. նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների մասին տեղեկություններ չկան, բայց փաստ է, որ Բակո Սահակյանի մրցակիցն է եղել Վիտալի Բալասանյանը, որ ստացել է ,,կողմ,, քվեների գրեթե մեկ երրորդը: Հարկ է ավելացնել, որ տարբեր ժամանակ նախագահի թեկնածու առաջադրված Բորիս Առուշանյանը, Հրանտ Մելքումյանը, Արթոուր Թովմասյանը, Վիտալի Բալասանյանը, Արմեն Աբգարյանը, Գրիգորի Աֆանասյանը, Ալբերտ Ղազարյանը քաղաքական զգալի ճանապարհ անցած, պետական կառավարման համակարգում փորձ ունեցող, Արցախի պաշտպանության գործում զգալի ավանդ ունեցող եւ հանրային որոշակի աջակցություն վայելող գործիչներ էին:

Այսօր ունենք նախագահի գրանցված 14 թեկնածու: Արդարությունը պահանջում է ասել, որ նրանցից հանրությանը ծանոթ են Արայիկ Հարությունյանը, Աշոտ Ղուլյանը, Վիտալի Բալասանյանը, Դավիթ Իշխանյանը, Մասիս Մայիլյանը, Հայկ Խանումյանը , Վահան Բադասյանը եւ Դավիթ Բաբայանը: Միակ էական տարբերությունն այն է, որ եթե նախկինում ունեցել ենք երկբեւեռ՝ Ռոբերտ Քոչարյան-Բորիս Առուշանյան, Արկադի Ղուկասյան-Արթուր Թովմասյան, Բակո Սահակյան-Մասիս Մայիլյան եւ Բակո Սահակյան-Վիտալի Բալասանյան մրցակցություն, ապա այսօր առկա է երեք բեւեռ՝ Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան-Սամվել Բաբայան եւ Վիտալի Բալասանյան:

Մյուսները, թող ներվի արտահայտության համար, պարզապես ,,մասսովկա,, են: Եթե, իհարկե, օրենքով սահմանված ժամկետներում վերադասավորումներ չլինեն:

  • Կիսվել: