ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախում մեկնարկել են կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման երկօրյա դասընթացները

Արցախում մեկնարկել են կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման երկօրյա դասընթացները

Փետրվարի 5-ին մեկնարկած վերապատրաստման դասընթացներն անց են կացվում Ստեփանակերտի «Պարկ Հոթել Արցախ» հյուրանոցում:

Կիրակնօրյա դպրոցների նախաձեռնողն ու իրականացնողը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմն է՝  դանիական-հայկական  բարեգործական առաքելության աջակցությամբ:
 
Օրհնության և բացման խոսքով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ու ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, փոխանցում է artsakhtert-ը:
 
Թեմակալ առաջնորդը խիստ կարևորեց կիրակնօրյա դպրոցների դերը հատկապես արդի ժամանակներում, շնորհակալության խոսք ուղղեց բոլոր այն մարդկանց, ովքեր համախորհուրդ կերպով լծվեցին այդ կարևոր գործընթացին: Նա հատուկ շեշտեց ԿԳՄՍ նախարարի աջակցությունը Հայ Առաքելական  եկեղեցու առաքելության, բարի ծրագրերի, երեխաների դաստիարակության հարցերում: Սրբազան Հայրը նշեց, որ կիրակնօրյա դպրոցներ այս տարի կբացվեն Արցախի 10 կրթօջախներում, ինչն օրինակ կհանդիսանա մյուս դպրոցների և համայնքների համար:
 
ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նույնպես կարևորեց այս ծրագրի դերը, նշելով, որ մեր ազգն  ունի հոգևոր զարթոնքի կարիք: Նախարարը հույս հայտնեց, որ ուսուցիչները, գիտելիքների և աստվածաշնչյան պատմությունների վերաբերյալ զուտ ճանաչողական նպատակներ չեն հետապնդի, այլ իրոք մատաղ սերնդին  կփորձեն մոտեցնել Աստծուն, նրանց մեջ դնելով բարձրագույն արժեքներ: Նա համոզմունք հայտնեց, որ այսօր մեր փրկության ելքը համազգային ապաշխարության մեջ է, ինչն ամեն մեկը պետք է սկսի իրենից:
 
 Եզրափակելով խոսքը, նախարարը մասնավորապես նշեց,- «Մենք պետք է բարձր կանգնենք սեփական անձից: Պետք է կարողանանք ապրել անանձնական կյանքով, բարձր կանգնել մեր նեղ անձնական շահերից, մտքերից, զգացմունքներից: Բոլորս մեկ ուղղությամբ պետք է նայենք, այն է՝ փրկել գալիքը, ծառայել ժողովրդին, ինչն Աստծուն ծառայել է նշանակում: Կրթական համակարգի նպատակները չեն կարող հեռանալ Հայ Առաքելական եկեղեցուց: Եթե մենք հասել ենք 21-րդ դար, ապա դա միայն ազգային արժեհամակարգի միջոցով է, որի մեխը Հայ Առաքելական եկեղեցին է: Բոլորիդ հաջողություն  եմ մաղթում և թող Աստված պահապան լինի բոլորիս»:
 
Այնուհետև «ՀԱԵ առջև ծառացած խնդիրները» թեմայով հանդես եկավ ՀԱԵ Արցախի թեմի ՔԴՔԿ տնօրեն Գոռ սարկավագ Գյուրջյանը, «Հոգևոր դաստիարակության դերն ու կարևորությունը» թեմայով՝ դանիական-հայկական  բարեգործական առաքելության տնօրեն՝ Նանե Խաչատրյանը, «Աստված սեր է» թեմայով՝ վերապատրաստող  ուսուցիչ Սուսաննա Տեր-Հովհաննիսյանը:
Դասընթացի ժամանակ մասնակիցներին ակտիվ ինքնուրույն աշխատանքներ կատարելու առաջադրանքներ տրվեցին, որոնք, ըստ վերապատրաստողների, իրականացվեցին փայլուն:

  • Կիսվել: