շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախում մեկնարկել է գարնանացանի համար դիզվառելիքի տրամադրումը՝ ըստ դրա ձեռքբերման հայտերի

Արցախում մեկնարկել է գարնանացանի համար դիզվառելիքի տրամադրումը՝ ըստ դրա ձեռքբերման հայտերի

Հանրապետությունում գարնանացանի աշխատանքները կիրականացվեն պահուստային պաշարների, ինչպես նաև Արցախում գործող ագրոմարկետներում առկա սերմերի և բույսերի պաշտպանության նյութերի հաշվին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը՝ հավելելով, որ պահուստային պաշարների միջոցով կլուծվի նաև գարնանացան աշխատանքների համար անհրաժեշտ դիզվառելիքի խնդիրը:
 
«ՈՒնեցած հնարավորությունների սահմաններում արվելու է առավելագույնը գարնանացան հացահատիկային, բանջարաբոստանային, ընդեղեն, կերային և յուղատու մշակաբույսերի ցանքս իրականացնելու համար: Արցախի ապաշրջափակման պարագայում նախատեսվում է լայն թափով իրականացնել գարնանացանի աշխատանքներ՝ շեշտը հատկապես դնելով բանջարաբոստանային մշակության վրա»,-մանրամասնել է գերատեսչության ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ այս ծրագիրը որոշակի կմեղմացնի շրջափակման հետևանքները, քանի որ ստեղծված իրավիճակում գարնանացանի աշխատանքների կազմակերպման համար վառելիքի, սերմերի, պարարտանյութերի ներկրման հետ կապված խոչընդոտներ են առաջացել:
 
Նախարարի տեղեկատվությամբ՝ արդեն մեկնարկել է դիզվառելիքի հատկացման գործընթացը՝ ըստ դրա ձեռքբերման համար ներկայացված հայտերի:
 
«Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ դիզվառելիքի ու բենզինի ձեռքբերման հայտերը հավաքագրվում են գերատեսչությունում, ապա ներկայացվում ԱՀ պետական վերահսկողական ծառայությանը՝ դիզվառելիքի ձեռքբերման ծավալների ճշգրտման և տրամադրման համար»,- ներկայացրել է Հ. Սաֆարյանը՝ նշելով, որ հողօգտագործողները պետք է շրջվարչակազմերին ներկայացնեն դիզվառելիքի պահանջարկի վերաբերյալ հայտերը, իսկ Ստեփանակերտի վարչական տարածքում մշակությամբ զբաղվելու դեպքում՝ Գյուղատնտեսության նախարարություն:
 
Մշակվում է նաև նախագիծ, ըստ որի նախատեսվում է մասնակիորեն սուբսիդավորել գարնանացան մշակաբույսերի սերմերի արժեքը, իսկ բանջարաբոստանային որոշ բույսերի մշակության դիմաց կտրամադրվի անհատույց ֆինանսական աջակցություն:

  • Կիսվել: