շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում մեկնարկել է չգազաֆիկացված համայնքներում ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը

Արցախում մեկնարկել է չգազաֆիկացված համայնքներում ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը

Արցախի Հանրապետության կառավարության ծրագրով չգազաֆիկացված համայնքներում ջրատաքացուցիչների տեղադրման գործընթացը մեկնարկել է։ 

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը:

Նրա տեղեկատվությամբ՝ գերատեսչության ֆինանսավորմամբ Ստեփանակերտի Արեշ թաղամասում ծրագրից արդեն օգտվել է երեք ընտանիք:
 
«Ըստ ծրագրի՝ արևային ջրատաքացուցիչների համակարգի արժեքի 50 տոկոսը կվճարի բնակիչ-բաժանորդը, իսկ մյուս մասը՝ կսուբսիդավորի պետությունը: Մինչև հինգ անդամ ունեցող ընտանիքի դեպքում կտրամադրվի առավելագույնը 250 լիտր տարողությամբ ջրատաքացուցիչ, իսկ հինգից ավելիի դեպքում՝ առավելագույնը 360 լիտր: Ներկա դրությամբ կան տարբեր գնառաջարկներ տարբեր կազմակերպությունների կողմից: Միջին գինը՝ 370-450 հազար դրամի սահմաններում է»,-նշել է Ա. Մեժլումյանը:
 
Մեր զրուցակցի խոսքով՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայ օգնության միության և Shtigen Group ընկերության միջև կնքված պայմանագրով 19 բնակիչ-բաժանորդի փոխարեն արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման համար կվճարի ՀՕՄ-ի Արցախի միավորը:

Մատակարար ընկերության և շահառուների ընտրությունը վերապահված է ՀՕՄ-ին:

Առաջին փուլի շահառուները զոհված, հաշանդամություն ունեցող անձանց, կարիքավոր և բազմազավակ ընտանիքներն են: Ընդգրկված են Մարտունու շրջանի Կոլխոզաշեն, Ննգի, Կաղարծի և Պառավաթումբ համայնքները:

  • Կիսվել: