երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախում լայն սպառման ապրանքատեսակների շուկայի ուսումնասիրություն է իրականացվել

Արցախում լայն սպառման ապրանքատեսակների շուկայի ուսումնասիրություն է իրականացվել

Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, հաշվի առնելով Հանրապետությունում  գազամատակարարման ժամանակավոր դադարեցումը, ինչպես նաև տարբեր ապրանքային շուկաներում առաջարկի և պահանջարկի փոփոխությունները, իրականացրել է ուսումնասիրություններ հացամթերքի, շաքարավազի, ձեթի և բենզինի իրացման ոլորտում:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչիկ Ավթանդիլյանն ասել է, որ ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Ստեփանակերտ քաղաքում գործող 2 տասնյակից ավելի խոշոր առևտրային ցանցերում և օբյեկտներում իրականացրած դիտարկումները, ինչպես նաև պետական մարմիններից ստացված օպերատիվ տեղեկությունները:
 
«2022թ. մարտի 8-ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարման դադարեցումը հանգեցրել է արտադրվող հացամթերքի ծավալների որոշակի նվազեցմանը, որը հիմնականում զգացվել է Ստեփանակերտ քաղաքում։ Մայրաքաղաքում գործող և Հանձնաժողովի կողմից դիտարկված 29 հացամթերք արտադրող և շուկայում իրացնող սուբյեկտներից չորսը հացամթերքի արտադրությունը իրականացնում են բնական գազի միջոցով, մեկը՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի համակցությամբ , իսկ մնացած քսանչորսը՝ էլեկտրաէներգիայի կամ թոնրի միջոցով»,-նշել է Հ. Ավթանդիլյանը։
 
 Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ գազամատակարարման դադարեցումից հետո էլեկտրաէներգիայիով արտադրություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները շուկայում առաջացած դեֆիցիտը փակելու նպատակով ավելացրել են իրացման ծավալները և արդեն մարտի 10-ի դրությամբ բավարարել են շուկայի սովորական պահանջարկի 96,8%-ը:
 
«Պետք է նշել, որ, իրավիճակով պայմանավորված, հացամթերքի պահանջարկը որոշակիորեն աճել է՝ կապված սպառողների կողմից սովորականից ավելի հացամթերքի ձեռքբերման քանակների  հետ: Նշված ժամանակահատվածում իրականացված դիտանցումների արդյունքում հացամթերքի գնաճ չի արձանագրվել: Հանձնաժողովի կողմից մանրածախ առևտրի ոլորտներում իրականացված դիտանցումները ցույց են տվել, որ բացի հացամթերքից, շուկայում ավելացել է պահանջարկը շաքարավազի, ինչպես նաև արևածաղկի ձեթի նկատմամբ: Տեղական արտադրության ձեթի և հացի համար իրացման գների փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ ներմուծվող ձեթի և շաքարավազի համար տեղի է ունեցել համապատասխանաբար 2,9 % և 14,9 % գնաճ»,-նշել է նա։
 
Մասնագետի փաստեց` ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ նշված ներմուծված ապրանքատեսակների մասով նույնպես գնաճ է արձանագրվել Երևան քաղաքում գործող առևտրային օբյեկտներում:
 
«Հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումները ցույց են տվել, որ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների մասով, մասնավորապես՝ շաքարավազ, ձեթ և հաց, առկա է պահանջարկի ավելացում, որը հանրության շրջանում նշված ապրանքատեսակների մասով  առաջացրել է խուճապային տրամադրություններ: Առևտրային օբյեկտներում իրականացված հարցումները ցույց են տվել, որ սպառողները հաճախ ձեռք են բերում պահանջվածից ավել, որն էլ որոշ առևտրային օբյեկտներում առաջացրել է այդ ապրանքատեսակների բացակայություն: Ձեթ ապրանքային շուկայում տեղական արտադրություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտը իրացման գնի փոփոխություն չի իրականացրել, իսկ խանութներում առկա պակասուրդը մարտի  11-ի դրությամբ լրացվել է։ Շաքարավազի ներկրում իրականացնող տնտեսավարող սուբյեկտները նույնպես ավելացրել են ներկրման ծավալները և առկա պակասուրդը կլրացվի նոր խմբաքանակի ներմուծմամբ. ներմուծման խնդիրներ առկա չեն»,-ընդգծել է Հ. Ավթանդիլյանը` հորդորելով սպառողներին չտրվել խուճապային տրամադրությունների և շաքարավազն ու հացը ձեռք բերել միայն անհրաժեշտ քանակությամբ:
 
Մեր զրուցակիցն անդրադարձել է նաև «բենզին» ապրանքատեսակի գնին և նշել, որ, պայմանավորված բնական գազի մատակարարման դադարեցմամբ, Արցախի Հանրապետության տարածքում չեն գործում  ավտոգազալցման ճնշակայանները, որն էլ ավելացրել է բենզինի պահանջարկը:
 
Բնութագրությունը հասանալի չէ
«Վերջին մեկ ամսվա ընթացքում այս ոլորտում գրանցված գնաճը կապված է ՀՀ-ում տեղի ունեցող համապատասխան փոփոխության հետ: Հանձնաժողովի կողմից մշտապես վերահսկվում են շուկայում գործող խոշոր տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների և իրացման պայմանների փոփոխության պատճառները:
 
Ուստի տնտեսավարող սուբյեկտներին զգուշացնում ենք, որ մրցակցային օրենսդրության խախտման հետևանքները հանգեցնելու են Հանձնաժողովի կոշտ արձագանքմանը»,-ընդհանրացրել է Հ. Ավթանդիլյանը:
 

  • Կիսվել: