Արցախում կյանքը շարունակվում է. որոշ վերաբնակիչներ արդեն նշում են բնակարանամուտը, ուրվագծում ապագայի հետ կապված ծրագրեր
Ի հեճուկս դաժան փորձությունների և առկա մարտահրավերների Արցախում կյանքը շարունակվում է: Արցախցին ամուր կպած է իր հողին և նույնիսկ դեռևս չհաղթահարված տագնապի ու անորոշության զգացումը խոչընդոտ չի հանդիսանում հազարավոր արցախցիների հայրենիք վերադառնալու ճանապարհին:
Ինչպես InfoPort.am-ին հավաստիացրեցին Արցախի կառավարությունից, բնակչության մեծ մասը արդեն վերադարձել է ԱՀ, Հայաստանում հիմնականում մնացել են այն արցախցիները, որոնք կորցրել են իրենց բնակավայրերը, սակայն բնակարանային խնդիրները լուծվելուն պես նրանք էլ են պատրաստ վերադառնալ հայրենիք: Արցախցիների միայն փոքր մասն է, որ որոշել է հեռանալ հայրենիքից:
Ասվածի ապացույցը մենք տեսանք սեփական աչքերով Ստեփանակերտի բանուկ, ցերեկային ժամերին նույնիսկ խցանված փողոցներում, աշխույժ առևտուր անող խանութներում, հաճախ ազատ տեղ չունեցող հանրային սննդի օբյեկտներում, միշտ զբաղված գեղեցկության սրահներում:
Մեզ հետ զրույցներում ստեփանակերտցիներն էլ էին փաստում, որ կյանքը վերադարձել է բնականոն հուն, սակայն գրեթե բոլորը երկրորդում էին. «Բայց դե թորքի մեջ ենք ապրում, հունց տի լյալ, չգիտենք»: Խոսք ու զրույցներից հասկացվում էր, որ շարքային արցախցիներին այս հանգամանքը ավելի շատ է մտահոգում, քան սեփական սոցիալական խնդիրները, և ոչ ավելի պակաս վշտացնում, քան պատերազմի հետևանքով կրած դաժան կորուստները, երևի դեռ խորհրդային ժամանակների «համակեցության» դառը հիշողություններ էին խոսում նրանց մեջ: Բայց մեր հաջորդ հարցին. «Բա ինչու եք վերադարձել»,- մեր զրուցակիցները առանց երկմտելու պատասխանում էին. «Բա հինչ անինք, բա սա մեր հողն ու ջուրն ա, բա օրիշ տեղ մունք ում ենք պետք, քե մատաղ»:
Մեզ հետ զրույցներում Արցախի կառավարության ներկայացուցիչները հավաստեցին, որ կյանքը բնականոն հուն է վերադառնում ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, այլև հայկական վերահսկողության տակ մնացած համայնքներում: Լրագրողական սկեպտիցիզմին տուրք տալով` որոշեցինք իշխանավորների խոսքերի իսկությունը ճշտել` այցելելով Ասկերանի շրջանի մի շարք գյուղեր: Այն ինչ տեսանք ու լսեցինք գյուղերում գերազանցեց մեր ակնկալիքները:
Մեր առաջին կանգառը Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղն էր: Առաջին իսկ բանը, որ աչքի զարնեց և անչափ ուրախացրեց` դա գյուղի արևոտ փողոցներում անհոգ վազվզող փոքրիկ աստղաշենցիներն էին, որոնք մեզ տեսնելով միմյանց նշան տվեցին. «Եշի, եշի նկարում են»:
Գյուղի ճանապարհը ինչ խոսք հեռու էր «երազանքների ճանապարհ» լինելուց: Բայց ինչպես մեզ հավաստեց ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը ճանապարհաշինարարական աշխատանքները արդեն մեկնարկում են մոտ օրերս, և կավարտվեն առաջիկա ամիսներին: Նա նաև հավելեց, որ Աստղաշենի մերձակայքում վերաբնակիչների համար կկառուցվեն 200 առանձնատներ, այդ ծրագիրը արդեն մեկնարկել է: Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Ասկերանի շրջանում պլանավորվում է վերաբնակեցնել և բնակարանով ապահովել 1686 տեղահանված անձանց: Հընթացս տարբեր ծրագրերի ներդրման միջոցով փորձ է արվում լուծել զբաղվածության խնդիրը: Օրինակ «Ավրորա» հիմանդրամի ֆինանսավորմամբ կներդրվեն անասնաբուծության, մեղվաբուծության, թռչնաբուծության, գյուղական տուրիզմի, միկրոձեռնարկատիրական ծրագրեր: Սակայն պետությունն էլ չի պատրաստվում անմասն մնալ այս ամենից: Սեփական բիզնեսը սկսելու համար գյուղաբնակ վերաբնակիչները կխրախուսվեն պետական դրամաշնորհներով` առավելագույնը 100 մլն դրամի չափով: Նախարարը նշեց նաև, որ արդեն իսկ ամբողջովին վերականգնվել է Ասկերանի 28 համայնքների գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը և կապը:
Այս արտոնությունները անշուշտ չէին կարող անտարբեր թողնել արցախցի վերաբնակիչներին, որոնցից շատերը նույնիսկ չեն էլ սպասել առանձնատների ամբողջական վերանորոգմանը և ընտանիքներով տեղափոխվել են նոր բնակավայր:
Դրանց թվին է պատկանում Քարվաճառցի 28-ամյա Արմենուհի Բադալյանը, ով չնայած երիտասարդ տարիքի 4 երեխաների մայր է` ընդ որում ավագ որդին, որը արդեն 10 տարեկան է, լուրջ հաջողություններ է գրանցել ձյուդոյում և հաճախում է գյուղի ձյուդոյի խմբակը: Արմենուհին պատմում է, որ ժամանակին բնակվել է Ռուսաստանում, զբաղվել հրուշակագործությամբ, ապա չդիմանալով Հայրենիքի կարոտին իր չորս երեխաների հետ վերադարձել է Քարվաճառ, Արցախը չի լքել նույնիսկ պատերազմի ամենաթեժ պահին, աշխատել է թիկունքում` հացի փռում, այդպիսով օգնելով բանակին: Պատերազմի ցավալի կորուստներից հետո, Արմենուհին երեխաների հետ տեղափոխվել է Աստղաշեն: Ասում է, նոր բնակավայրը դուրը շատ է եկել, նոր տունն էլ, շինարարները ամեն ինչ փորձել են իր սրտով անել, քանի որ դեռ վերանորոգումը չվերջացած է տեղափոխվել: Արմենուհին նաև պատմում է, որ պետությունը ոչ միայն հոգացել է բնակարանային խնդիրները, այլև ապահովել կենցաղի համար անհրաժեշտ ամեն ինչով` սառնարան, գազօջախ, հեռուստացույց, կահույք, նույնիսկ սպասք ու միկրոալիքային վառարան. «Էլ որը ասեմ, նույնիսկ չգիտեմ, որ ասում եմ ամեն ինչով ապահովում են, մարդիկ նույնիսկ չեն հավատում: Ու ես գիտեմ, որ բոլորին են ապահովում»: Արմենուհին նաև պատմեց, որ հիմա իրենց ընտանիքը ապրում է պետության տրամադրած նպաստով, բայց ապագայում փորձելու է օգտվել պետական աջակցման ծրագրերից և հիմնել սեփական փոքր հրուշակարանը: Խոստացավ, որ հաջորդ այցելության ժամանակ մեզ կդիմավորի արդեն վերանորոգված տանը և կհյուրասիրի սեփական ձեռքերով պատրաստած անուշեղենով: Հայրենիքը լքելու մասին Արմենուհին չի էլ ուզում լսի. «Ուր գնանք, դեռ պետք է տվածը հետ բերենք»:
Մինչ մենք զրուցում էինք Արմենուհու հետ, նախարար Սարգսյանը մանրազնին ստուգում էր կատարված շինարարական աշխատանքները: Տպավորություն էր, թե նա գիտի գրեթե բոլոր վերանորոգվող տների շինարարության ընթացքի և արդյունքների մասին, գրեթե բոլոր վերաբնակիչների պատմությունները և առօրյա հոգսերը. մինչև տան տերերի ներկայանալը նախարարն ինք էր նրանց ներկայացնում, ասում ինչ խնդիրներ ու հոգսեր ունեն և երբ կլուծվեն դրանք:
Նախարարի հետ քայլելով գնացինք դեպի գյուղամեջ, որտեղ արդեն, լսելով ստեփանակերտցի պաշտոնյայի գալու մասին լուրը, հավաքվել էին աստղաշենցիները: Մեզ տեսնելուն պես տղամարդիկ մոտեցան նախարարին, մտերմիկ ձեռք սեղմեցին, սկսեցին խոսել առօրյա խնդիրներից: Կանայք մի քիչ ամոթխած, բայց գրեթե տոնականի պես կոկիկ ու հարդարված կանգնած էին քիչ այն կողմ ու հետևում էին տղամարդկանց խոսակցությանը:
Մոտեցա նրանցից մեկին` պարզվեց տեղի մշակույթի տան ղեկավարն է` Լուսինե Խաչատրյանը: Միանգամից հրավիրեց մշակույթի տուն, որ ցույց տա իր և սաների ձեռքի աշխատանքները, ասաց, որ մշակույթի տանը գործում են բազմաթիվ խմբակներ: Նաև պատմեց, որ քույրը ապրում է Կանադայում, անընդհատ կանչում է իրեն, բայց նույնիսկ պատերազմի օրերին չի մտածել գյուղը լքելու մասին, մնացել է երկու կնոջ հետ հաց է թխել, հիմա էլ միտք չունի գնալու, բայց երկու տղա ունի, որոնք արդեն ծառայել են, եթե իրենք ուզենան, ոչինչ չի ասի, բայց համենայնդեպս նրանք էլ են գյուղում:
Մեր հաջորդ կանգառը Ասկերանի շրջանի Դարհավ գյուղն է, հաջորդ հերոսները` Աբրահամյանների ընտանիքը: Այն ինչ տեսանք Աբրահամյանների տանիքի ներքո, կասկածի նշույլ անգամ չէր թողնում առ այն, որ Արցախը վերապրելու է այս արհավիրքը և վերածնվելու է նորովի: 28-ամյա Նարինեն նոր էր լույս աշխարհ բերել իր հինգերորդ բալիկին: Երբ մտանք սենյակներից մեկը մահճակալներին խաղաղ ննջում էին երկու մանկահասակ երեխա ու մեկ նորածին: Նարինեն առանց վարանելու նորածնին արթնացրեց և թույլատրեց նկարել նրան: Վերջինս էլ մեծահասակի խոհեմությամբ ոչ լաց եղավ, ոչ էլ ծամածռվեց, թողնելով մեզ ուզածի չափ նկարել իրեն: Նարինեն պատմեց, որ իրենք որոշել են տեղափոխվել դեռ մինչև բնակարանի ամբողջական վերանորոգումը, քանզի երեխաների հետ գնալու տեղ չունեին: Հիմա ապրում են պետության տրված նպաստով, չեն դժգոհում: Հետագայում` պետության աջակցությամբ պատրաստվում են զբաղվել անասնաբուծությամբ: Նարինեի մյուս երկու փոքրիկները վազվզում էին տան մեջ, աղջնակը մեզ տեսնելուն պես սկսեց պահմտոցի խաղալ, իր կողմը ուշադրություն գրավել: Մեր գնալուց էլ լաց եղավ, չէր ուզում թողնել անկոչ հյուրերին:
Ասկերանի շրջվարչակազմի արդեն նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը InfoPort.am-ին պատմեց, որ Դարհավ գյուղի մերձակայքում մեծ ներդրումային ծրագիր է նախատեսվում իրականացնել Երևանի շամպայն գինիների գործարանի սեփականատեր, ֆրանսիաբնակ Հրայր Հակոբյանի կողմից: Ծրագիրը կարժենա 6.5 մլն եվրո և այն աննախադեպ կլինի իր բնույթով և ծավալով:
Ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է հիմնել 20 խելացի անասնագոմ, կից պանրի գործարան, կաթի մթերման ձեռնարկություն, 10 ջերմոցային տնտեսություն, նաև 20 հեկտար ինտենսիվ այգիներ: Խելացի գոմերի համար Բելգիայից բերվելու են չիպավորված տոհմային խոշոր եղջերավոր անասուններ: Ինչպես մեզ բացատրեց Բարսեղյանը` չիպերի շնորհիվ հնարավորություն կընձեռվի դեռ 15 օր առաջ տեղեկանալ անասունների հիվանդության մասին: Անասնագոմերը աշխատելու են փակ, ինքնաբավ ցիկլով, այսինքն առանց թափոնների: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ գոմաղբից ստացված բիոգազի շնորհիվ կջեռուցվեն ջերմոցները, ինչպես նաև ամբողջ Դարհավ գյուղը:
Բարսեղյանը պարզաբանեց, որ այդ ներդրումային ծրագիրը շատ հետաքրքիր կառուցվածք է ունենալու` բաժնետոմսերը բաշխվելու են երեք հավասար մասերի` ներդրողի, պետության և բնակիչների միջև: Հետագայում այդ համամասնությունը փոխվելու է հօգուտ պետության և բնակիչների, ավելի շատ հօգուտ բնակիչների: Այս ծրագրի ներդրումով Դարհավ գյուղի ինչպես բնիկների, այնպես էլ վերաբնակիչների զբաղվածության հարցը մեկընդմիշտ կլուծվի:
Ծրագրի շրջանակներում, «խելացի անասնագոմերի» կոմպլեքսի կողքին, ճանապարհի հանդիպակաց կողմում, «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից կկառուցվի թվով 108 բնակելի տուն, Հադրութի շրջանի տեղահանված 3 գյուղերի՝ Մոխրենիս, Թաղուտ, Հակակու, բնակիչների համար։
Մեր հաջորդ “կայարանը” Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղն էր, որտեղ Կառավարության փորձնական ծրագրով արագ կոնստրուկցիաներով տներ են կառուցվում։ Տան ամրությունը երաշխավորվում է 70 տարի։
Տների պատերը ձայնամեկուսացվում են և ունեն ջերմությունը պահպանող նյութերից բաղկացած մակերես։ Փայտե հիմնասյուներն ու պատերը պատվում են այրման և միջատների դեմ նյութով։ Պատրաստի տան ոչ ներսից և ոչ էլ դրսից փայտե դետալները չեն երևում, իսկ հիմնասյուներն այնպես են պատրաստում, որ չդեֆորմանան, դռներ, պատուհանները «եվրո» տիպի են, բարձրակարգ հումքից: Տները հանձնվելու են բնակիչներին ամբողջովին նորոգված, հարդարման աշխատանքները կատարած:
Նախարար Սարգսյանը փորձառու շինարարի աչքով զննեց կատարված աշխատանքը, նկատեց, որ պատուհանները «հայկական» ստանդարտների համեմատ մեծ են` առաջին հարկում նման մեծ վիտրաժային պատուհանների առկայությունը տան ներսի ավելորդ տեսանելիություն է ստեղծում, բացի այդ նման մեծ պատուհանների տեղադրումը ինքնանպատակ ավելացնում է շինության արժեքը: Կապալառու «Շեն Արցախ» ընկերության փոխտնօրեն Մհեր Դերձյանը համաձայնեց նախարարի հետ, իր հերթին պատասխան առաջարկով հանդես եկավ` տեղում հիմնել արագ կոնստրուկցիայով պատրաստվող տների շինմասերի արտադրություն, համ էլ զբաղվածության խնդիր կլուծվի: «Մարդու զբաղվածության խնդիրն է պետք լուծել։ Այստեղ հոգեբանական հարց կա, որ մարդը կարողանա իր ձեռքով իր տունը սարքել։ Շատ հադրութցիներ են դիմել մեզ։ Մենք իրենց փորձում ենք ներգրավել գործի մեջ, որպեսզի իրենք իրենց ձեռքով իրենց տան վրա աշխատեն։ Ու այսպես իրենք ավելի շատ կսիրեն իրենց տունը և հուսանք չեն թողնի, լքի հայրենիքը»,- նշեց նա:
Ի դեպ, շինաշխատանքներում ներգրավված են մեծ թվով հայաստանցի շինարարներ: Նրանք մեզ պատմեցին, որ իրենց նախաձեռնությամբ են եկել Արցախ` իմանալով, որ լայնածավալ շինարարություն է սկսվել, աշխատանք կա: «Եկանք, անմիջապես գնացինք նախարարի մոտ, մեզ ներկայացրեցին պայմանները և մենք սկսեցինք»,- պատմեց երևանցի աշղեկ Սահակ Կարապետյանը: Մեր այն հարցին, ինչպես են մտել նախարարի մոտ, արդյոք «ծանոթ են մեջ գցել» հայկական ավանդույթի համաձայն, Սահակը վրդովվեց. «Չէ, այ քուր ջան, մենք շինարար մարդ ենք, մեզ ինչ ծանոթություն նախարարի հետ: Հենց տենց եկանք ու մտանք»:
Շինարարները գոհ էին վարձատրությունից, հավաստեցին, որ միջին շուկայական դրույքաչափով են վարձատրվում, և որ ամենա կարևորն է ժամանակին: Շինարարներից մեկը անկեղծացավ, որ, օրինակ, ամիսներ առաջ Երևանի Նոր-Նորք համայնքում կառուցած «էլիտար» շենքի համար նախատեսված աշխատավարձը դեռ չի ստացել, հույս էլ չունի թե կստանա, իսկ այստեղ, նրա ձևակերպմամբ, «ժամը ժամի վրա են վճարում»:
Ստեփանակերտ վերադարձանք մայրամուտին` արցախցի գյուղացիներից լիցքավորված դրական էներգիայով, լավատեսությամբ և ապագայի նկատմամբ հավատով: