Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին
Իսրայելի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել Իրանի երկու կարևոր միջուկային օբյեկտներին՝ Արաքի ռեակտորին և Նաթանզի օբյեկտին։
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաստատել է հարվածն Արաքում գտնվող միջուկային ռեակտորին՝ նշելով, որ այն չգործող է եղել հարձակման պահին։ Ռեակտորը, ըստ Իսրայելի, նախագծված է եղել բարձր մակարդակի պլուտոնիում արտադրելու համար՝ նյութ, որը կարող է օգտագործվել միջուկային զենքերի պատրաստման մեջ։
«Հարվածն ուղղվել է պլուտոնիումի արտադրության համար նախատեսված բաղադրիչներին՝ կանխելու ռեակտորի վերագործարկումն ու դրա օգտագործումը միջուկային զենքի մշակման նպատակով»,- հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Իսրայելի բանակը հայտնել է նաև, որ ավիահարված է հասցրել Նաթանզում գտնվող օբյեկտին՝ այն որակելով միջուկային զենքի մշակման վայր։
«Այդ տարածքում գտնվում են եզակի բաղադրիչներ և սարքավորումներ, որոնք օգտագործվում են միջուկային զենք մշակելու համար, իսկ իրականացվող նախագծերը նպաստում են այդ գործընթացի արագացմանը»,- նշված է բանակի հայտարարության մեջ։
Նաթանզում սա առաջին նման միջադեպը չէ։ Այս շաբաթվա սկզբին ՄԱԳԱՏԷ-ի (Միջազգային ատոմային էներգիայի գործակալության) ղեկավարը BBC-ին հայտնել էր, որ Նաթանզի ստորգետնյա ուրանի հարստացման կայանում գտնվող ցենտրիֆուգները «լուրջ վնասված են, եթե ոչ ամբողջությամբ ոչնչացված»՝ իսրայելական նախորդ հարվածներից հետո։
Իսրայելը պնդում է, որ Իրանը վերջին շրջանում քայլեր է ձեռնարկել՝ հարստացված ուրանի պաշարներն օգտագործելու ռազմական նպատակներով։ Իրանը, սակայն, կրկին շեշտել է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում և կիրակի օրը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի խորհրդին խստորեն դատապարտել իսրայելական հարվածները։