ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում կրթահամալիր հիմնելու վերաբերյալ «Շիրակացու ճեմարան»-ի հետ հուշագիր է ստորագրվել

Արցախում կրթահամալիր հիմնելու վերաբերյալ «Շիրակացու ճեմարան»-ի հետ հուշագիր է ստորագրվել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 7-ին ընդունել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորությամբ:

Պետական նախարարն ու համալիրի տնօրենը ստորագրել են Արցախի Հանրապետության կառավարության և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի միջև համագործակցության հուշագիր: Հուշագրով կողմերը միավորում են իրենց ջանքերը Արցախի Հանրապետությունում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի փորձի հիման վրա նոր որակի Ուսումնական հաստատության ստեղծման շուրջ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արտակ Բեգլարյանը ողջունել է պատվիրակության այցը՝ ընդգծելով վերջին ամիսների ընթացքում ունեցած քննարկումների կարևորությունն ու երկկողմանի հաստատակամությունը կրթահամալիրի գործունեությունը Արցախի Հանրապետությունում կազմակերպելու առումով: Հատկապես Մայիսյան եռատոնին ընդառաջ, պետական նախարարի հավաստմամբ, Արցախի գիտակրթական ներուժի զարգացման հարցում հաստատության հետ կապերի առարկայացումը կարևոր նշանակություն ունի, որը լուրջ հիմք ու խթան է լինելու Արցախի երկարաժամկետ զարգացման համար:

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը բարձր է գնահատել Արցախի իշխանությունների որոշումը կրթահամալիրի գործունեությունը Արցախում մեկնարկելու առումով՝ նշելով իրենց պատրաստակամությունը հաստատության ներուժն ու տարիների փորձը ծառայեցնելու Արցախի աշակերտների որակյալ ուսման ապահովմանը:

  • Կիսվել: