ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացիներից 2-ը առողջացել են. ԱՀ պարետ (տեսանյութ)

Արցախում կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացիներից 2-ը առողջացել են. ԱՀ պարետ (տեսանյութ)

Արցախում նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակված 6 քաղաքացիներից 2-ի կրկնակի թեստավորման պատասխանները բացասական են:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած առցանց ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա ընթացքում թեստավորված 16 անձանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Ի դեպ, 16 թեստավորվածներից 2-ը վարակակիրներ էին, ովքեր առողջացել են: 16 թեստավորվածներից 12-ը կապված են Քաշաթաղի շրջանի վարակման օջախի հետ, 2-ը կապված են Քարվաճառի վարակման օջախի հետ և ևս 2-ը կապված չեն նախորդ օջախների հետ, սակայն ապահովության համար նրանց թեստավորումը իրականացվել է:

«Դրանից բխող ունենք 1 օջախի լրիվ բացահայտում, մասնավորապես՝ Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքներում: Չնայած նրան, որ այդ համայնքներում կան սահմանափակումներ, նշեմ, որ մի քանի օրից կարող ենք այդ սահմանափակումները չեղարկել: Ապահովության համար այդ համայնքներում կանցկացվեն ախտահանման աշխատանքներ, որից հետո մարդկանց տեղաշարժի սահմանափակումները կվերացվեն»,- ավելացրել է Գ. Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, թեստավորում է իրականացվել 75 քաղաքացու մոտ:

Մեր այն հարցին, թե ինչ հիմքով են սահմանափակումներ մտցվել Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Հաթերք և Կոճողոտ համայնքներում, եթե այնտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան, Արցախի Պարետը նշել է, որ սահմանափակումը կատարվել է, որպեսզի կանխվի դեպքերի տարածումը, քանի որ, Քարվաճառի վարակի օջախի հետ կապված, եղել է առաջին և երկրորդ շրջանի կոնտակտավորների կոնտակտի արձանագրում:

  • Կիսվել: