ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսով վարակակիր քաղաքացին տեղափոխվել է Երևան

Արցախում կորոնավիրուսով վարակակիր քաղաքացին տեղափոխվել է Երևան

Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու մոտ վարակի հաստատումից անմիջապես հետո նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան և բուժում կստանա Երևանում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ վարակակիր քաղաքացու հարազատները Արտաշատից են, որոնց թվում վարակակիրներ են եղել։ Այդ պատճառով, ըստ պետնախարարի, տվյալ անձը անմիջապես մեկուսացվել է Քաշաթաղի շրջանի բուժական կենտրունում։ Մարտիրոսյանը նշեց նաև, որ վարակված քաղաքացու մոտ ուղեկցող հիվանդություններ չկան։

«Երբ տեղեկացնաք, որ նրա ընտանիքի անդամների մոտ Արտաշատում արդեն հաստատվել էր կորոնավիրուսը, մեր առողջապահության նախարարության ներկայացուցիչները ապրիլի 6-ին տեսթավորել են տվյալ անձին, ուղարկել են փորձանմուշը Երևան և այսօր արդեն ժամը 3-ին հաստատվեց, որ նրա մոտ կորոնավիրուս է։ Հաշվի առնելով, որ քաղաքացու տարիքը անցնում է 68-ից, որոշվել է նրան տեղափոխել Երևան, որտեղ էլ նա բուժում կստանա», -ասաց Մարտիրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ հստակեցվում է վարակակիր քաղաքացու շփման շրջանակը, որը Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի տարածքում է։ Գյուղը, պետնախարարի ներկայացմամբ, ինքնամեկուսացման մեջ է և բնակիչներն ապահովվում են սնունդով ու անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Մինչ օրս Արցախում արվել է կորոնավիրուսի 34 թեստ:

«Առողջապահական համակարգը գործել է շատ արագ ու օպերատիվ»,- ընդգծեց պետնախարարը։

Ասուլիսին ներկա Արցախի Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, ընդգծեց, որ քաղաքացու շփման շրջանակը պարզելու և մեկուսացնելու գործողությունների համատեքստում բոլոր կոնտակտավորների բնակարաններում իրականացվել է ախտահանում։

«Ոստիկանության ծառայողներն ու մասնագետները հորդորել են խուճապի չմատնվել։ Այս պահին հակահամաճարակային կենտրոնի մասնագետները գտնվում են Հերիկ համայնքում ու իրենց գործառույթներն են իրականացնում»,- նշեց նախարարը։

 

 

  • Կիսվել: