ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբերի 18-ին կատարվել է 209 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 109 վարակակիր՝ տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 49-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
 
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20999 քաղաքացու հետազոտություն, որից 3402-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արձանագրվել է մահվան 3 դեպք: 74-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով. նրան ախտորոշվել էր երիկամների սուր անբավարարություն, պոլիօրգան անբավարարություն: 73-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով. նրան ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, պոլիօրգան անբավարարություն: 92-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով. նրան ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքերի 90% ախտահարում, սեպտիկ շոկ:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: 
 
Անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

  • Կիսվել: