հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 7-ին կատարվել է 541 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
 
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 26 137 քաղաքացու հետազոտություն, որից 4328-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Արձանագրվել է 1 մահվան դեպք՝ 56-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով. նրան ախտորոշվել էր սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
 
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ը, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին։

  • Կիսվել: