շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախում կարող է ազատ տեղաշարժը սահմանափակվել. պետնախարար

Արցախում կարող է ազատ տեղաշարժը սահմանափակվել. պետնախարար

Արցախի պարետատունը քննարկում է երկրում ազատ տեղաշարժի սահմանափակումներ մտցնելու հարցը: Այս մասին ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի պետ նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, քննարկվում է հետևայալ սցենարը.

«Սկզբից կարող են կիրառվել սահմանափակումներ առանձին տարածքների համար: Անհրաժեշտության դեպքում այն կտարածվի ամբողջ Արցախի վրա: Այն բոլոր սահմանափակումները, որ հիմա կան Հայաստանում, մենք կկիրառենք Արցախում աստիճանաբար՝ ըստ անհրաժեշտության»,-ասաց պետնախարարը՝ հավելելով, որ Արցախի կառավարությունն աշխատում է բնակչության վրա համաճարակի վնասների ազդեցության նվազման ուղղությամբ: Նախատեսվում է իրականացնել գրեթե այն նույն հակաճգնաժամային միջոցառումները, որոնք Հայաստանում են կիրառվում:

Օրինակ՝ հղի կանանց միանվագ նպաստ, որոնց ամուսինները աշխատանքը կորցրել են եւ այլն: Նաեւ մեր կողմից արդեն շրջանառության մեջ է դրված գյուղատնտեսության ոլորտի թվով 6 միջոցառումներ, որոնք ուղղված են տնտեսական վնասների չեզոքացմանը, ինչպես նաեւ պարենային ապահովության աստիճանի բարձրացմանը, հատկապես այս գարնանացանի ժամանակահատվածում: 1-2 օրվա ընթացքում այդ որոշումները կստորագրվեն եւ կհրապարակվեն»,-ասաց Արցախի պետնախարարը:

Նա հավելեց, որ ավարտել է առաջին եռամսյակը, հիմա վերլուծում են տվյալները, որպեսզի ավելի հասցեական ու նպատակային ծրագրեր կիրառեն:

Մարտիրոսյանը դժվարացավ գնահատել տնտեսական կորուստների մասշտաբները:

«Հնարավոր կորուստները հիմա դժվար է թվային գնահատական տալ, որովհետեւ գործընթացը շարունակվում է և ամեն ինչ կախված է ճգնաժամի տեւողությունից ու խորությունից: Կարծում եմ՝ դեռ վաղ է նման գնահատականներ տալու համար»,- ընդգծեց Գրիգորի Մարտիրոսյանը:

Արցախում այս պահի դրությամբ հաստատված է կորոնավիրուսով վարակման վեց դեպք: 17 մարդ մեկուսացված է: Սակայն չնայած համավարակի տարածման ռիսկին, Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կայանում է, որը հարուցել է շատերի դժգոհությունը:

Արցախի իշխանությունները նշում են, որ չեն կարող հետաձգել ընտրությունները, քանի որ սահմանադրությունը նման հնարավորություն չի ընձեռում: Նախ պետք է փոխել սահմանադրությունը:

«Սահմանադրություն փոխելը ենթադրում է հանրաքվե, դրանով ամեն ինչ ասված է, քանի որ ընտրություն, թե հանրաքվե, դա նույն ընթացակարգն է նախատեսում», - եզրափակեց Գրիգորի Մարտիրոսյանը:

  • Կիսվել: