ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. ԱՀ ՆԳ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

Արցախում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. ԱՀ ՆԳ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

ՆԳ նախարարության ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողները Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, 2022 թվականի հուլիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 62 հաղորդում, 40-ը՝ հանցագործությունների վերաբերյալ, որից 38-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Վիճաբանությունների և միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ ստացվել է 10 հաղորդում, անձնական ունեցվածքի գողության և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր: Խարդախություն բնութագրմամբ 3 հաղորդում է ստացվել: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում դրանք բոլորը բացահայտվել են: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նաև շրջանառությունն արգելված թմրանյութերի 2 դեպք և նախկինում կատարված 1 հանցագործություն:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 8 քաղաքացի:
 
Ինքնասպանության փորձի մեկ դեպք է գրանցվել Մարտակերտի շրջանում: Բարեբախտաբար հուզական ապրումների մեջ գտնվող բնակչուհու կյանքը հաջողվել է փրկել, այս մասով շրջանային բաժինն իրականացնում է ստուգումներ և պատրաստում նյութեր:
 
Մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, 21-ը՝ նյութական վնասով, 2-ը՝ մարմնական: ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 22 դեպք, 18 վարորդ եղել է անսթափ վիճակում, 217-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի։ Մահվան ելքով մեկ դեպք է արձանագրվել Մարտունու շրջանում:
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին և երթևեկության բոլոր մասնակիցներին.
 
Պայքարի լավագույն միջոցը մշտական ինքնահսկումն է, ավելորդ ինքնավստահություն չդրսևորելը, գիտակցելը, որ ոչ սթափ վարորդը պոտենցիալ հանցագործ է: Եղեք զգո՛ն, ալկոհոլ օգտագործելուց հետո մի՛ նստեք ղեկին, խստագույնս պահպանեք երթևեկության անվտանգության այս կարևորագույն պահանջները. դա բխում է բոլորիս շահերից:
 
Հանցատեսակները նվազագույնի հասցնելու ուղղությամբ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ձեռնարկում են հստակ կանխարգելիչ միջոցառումներ, բնակչության հետ պարբերաբար իրականացնելով բացատրական աշխատանքներ:

  • Կիսվել: