շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում ևս գարնանային արձակուրդների օրերը տեղափոխվեցին մարտի 2-7-ը․ ԱՀ-ում սակայն կորոնավիրուսով վարակման դեպք չի հայտնաբերվել

Արցախում ևս գարնանային արձակուրդների օրերը տեղափոխվեցին մարտի 2-7-ը․ ԱՀ-ում սակայն կորոնավիրուսով վարակման դեպք չի հայտնաբերվել

Չնայած նրան, որ Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի հայտնավերվել՝ ԱՀ կառավարությանը կից ստեղծված Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փետրվարի 29-ին Հայաստանոմ կորոնավիրուսի հայտնաբերման փաստով պայմանավորված, որոշում է ընդունել մարտի 23-29-ի գարնանային արձակուրդները տեղափոխել մարտի 2-7-ը ներառյալ: Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունից։

«Ինչպես տեղեկացրել ենք, Արցախի Հանրապետության տարածքում սուր շնչառական ուղիների հիվանդությունների և համաճարակաբանական ընդգծված ֆոնի պատճառով Արցախի տարածքում գործող բոլոր հանրակրթական հաստատություններում փետրվարի 21-22-ը, այնուհետև 25-ից 29-ը՝ բոլոր նախակրթարաններում և այն դպրոցներում ու մասնագիտական հաստատություններում, որտեղ դասերից բացակայությունների թիվն անցել է թույլատրելիի սահմանը, դադարեցվել են ուսումնական պարապմունքները:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունն ու առողջապահության նախարարությունը համատեղ այս որոշումն ընդունել են՝ հիվանդությունների հետագա տարածումը կանխելու նպատակով, միաժամանակ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի ներթափանցման ռիսկերը:

Կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ, հանրապետությունում վերջին օրերին նկատվել է սուր շնչառական հիվանդության դեպքերի նվազման միտում, ինչն արձանագրվել է նաև բուժհաստատություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի թվի նվազմամբ:

Այս ընթացքում մանկապարտեզներում, դպրոցներում և ուսումնարաններում իրականացվել են ախտահանման, օդափոխման և շենքերում ջերմային ռեժիմի կարգավորման լրացուցիչ աշխատանքներ:

Արցախի Հանրապետության կառավարությանը կից ստեղծված՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փետրվարի 29-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերման փաստով պայմանավորված, որոշում է ընդունել ս.թ. մարտի 23-29-ի գարնանային արձակուրդները տեղափոխել մարտի 2-ից 7-ը ներառյալ:

Հետագա որոշումները կընդունվեն և կհրապարակվեն՝ համաճարակաբանական հսկողության պահանջներին համապատասխան:

Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը քննարկում է բաց թողնված պարապմունքները լրացնելու խնդիրը ուսումնական ծրագրի բեռնաթափման և ուսումնական գործընթացի ռեժիմի փոփոխությամբ լուծելու հնարավորությունները:

Ստեղծված իրավիճակում կարևորում ենք բոլորի և յուրաքանչյուրի համարժեք վարքագիծը՝ համաճարակի տարածումը կանխարգելելու և անհրաժեշտության դեպքում՝ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Հորդորում ենք առաջնորդվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունների կողմից հրապարակված ուղեցույցներով:

Հիգիենայի սահմանված կանոններին հետևելը զգալիորեն կնվազեցնի գրիպի, կորոնավիրուսային վարակի և այլ սուր շնչառական վիրուսային վարակի և դրանց հետագա տարածման ռիսկը:

Շարունակեք հետևել պաշտոնական հաղորդագրություններին Արցախի հանրային հեռուստատեսությամբ և ԿԳՍ ու ԱՆ նախարարությունների կայքէջերով ու ֆեյսբուքյան էջերով:

Մաղթում ենք բոլորիդ առողջություն»,- մասնավորապես ասված է Արցախի ԿԳՍ տարածած հայտարարության մեջ։

  • Կիսվել: