կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը

Արցախում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը

Արդեն 10-րդ օրն է Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի հետևանքով Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ: Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը:

 

ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է խափանված վերելակների վերաբերյալ 4 ահազանգ:

 

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը մեկնել են կանչի վայր, բացել վերելակի դռները և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել վերելակում մնացած քաղաքացիներին:

Հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում փակված դռան մասով ստացվել է 3 ահազանգ: Համալրված լինելով համապատասխան տեխնիկական սարքավորումներով, փրկարարներն արձագանքել և կարճ ժամանակում վերացրել են վտանգը:

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին լինել զգոն, հովհարային անջատումների ժամանակ՝ վերելակի աշխատանքի խափանման դեպքում զանգահարել շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարներին. 911, 101 կամ 112:

  • Կիսվել: