շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր են իրականացվում

Արցախում բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր են իրականացվում

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը «ֆլեգբի» ցեղատեսակի երինջներ է ներկրել Ավստրիայից:

Տոհմային տնտեսությունները մատչելի պայմաններով հորթերը կտրամադրեն ֆերմերներին՝ տեղական նախիրը բարելավելու նպատակով: Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը մեզ հետ զրույցում նշեց՝ այն ֆերմերները, որոնք ցանկություն կհայտնեն դրսից ներկրելու տոհմային կենդանիներ, նույնպես կօգտվեն արտոնյալ պայմաններից, և պետության կողմից կսուբսիդավորվի արժեքի 50%-ը: Պետական մեկ այլ ծրագրով՝ Արցախի կառավարությունն աջակցում է սպանդանոցներ, անասնաբուծական մթերքի վերամշակման արտադրամասեր և անասնաշենքեր կառուցողներին կամ նորոգողներին: Սուբսիդավորվում է կատարված ծախսի 15-50%-ը:

«Վերանայվել է նաև ջերմատներին տրվող աջակցության չափը: Փաստացի հիմնված նորատունկ այգիների տնկիների արժեքը կփոխհատուցվի՝ նվազագույնը սկսած կես հեկտարից, առավելագույնը՝ մինչև տասը հեկտար մակերեսով: Հիմնական բոլոր պտղատեսակները, որոնք մշակվում են մեր հանրապետության տարածքում, ընդգրկված են ծրագրի մեջ, և յուրաքանչյուր պտղատեսակի համար սահմանված է իր փոխհատուցման արժեքը, բայց ոչ ավելի, քան 1000 դրամ մեկ տնկիի դիմաց» ,-ասել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը: Նրա հավաստմամբ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախը կորցրել է մոտ 95 հազար հա վարելահող: Նաև սա է պատճառը, որ նախարարությունը հորդորում է զբաղվել բարձրարժեք գյուղատնտեսությամբ:

  • Կիսվել: