հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում ավարտվել են գարնանացան աշխատանքները. պատասխանատուն ամփոփում է արդյունքները

Արցախում ավարտվել են գարնանացան աշխատանքները. պատասխանատուն ամփոփում է արդյունքները

ԱՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատվել է ևս մեկ ծրագիր՝ «Ջերմատնային տնտեսություններում և այգիներում ենթակառուցվածքների տեղադրում կամ վերականգնում», որը կնպաստի Հանրապետությունում տեղական արտադրանքի ծավալների ավելացմանը:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը:

«Այս տարի կրկին ցանվել են գարնանցան հասկավոր հացահատիկային մշակաբույսեր՝ ցորեն, գարի, հաճար, եգիպտացորեն, քիչ քանակությամբ հնդկացորեն, արևածաղիկ, յուղատու կուլտուրաներից` կտավատ, ընդեղեն, սիսեռ, ոլոռ, լոբի և այլ բանջարաբոստանային մշակաբույսեր»,-ասել է Վ. Ավետիսյանը և հավելել, որ ուշադրության կենտրոնում էին նաև բազմամյա կերային խոտաբույսերը:

Մեր զրուցակիցն ընդգծեց` ցանված մշակաբույսերի ցանկը, նախորդ տարիների համեմատ, նույնն էր, սակայն պակասել են ծավալները, որի միակ պատճառը հողատարածքների կորուստն է:

«Փորձել ենք հնարավորինս բավարարել քաղաքացիների ներկայացրած հայտերը։ Չի բացառվում` եղել են հայտեր, որոնք չեն բավարարվել, բայց պատճառը օբյեկտիվ է. մի շարք հողօգտագործողներ ուշ են ներկայացրել իրենց` այս կամ այն մշակաբույսի սերմի պահանջարկի վերաբերյալ հայտերը, իսկ մենք սերմերը ներ ենք կրում դրսից»,-նշել է Վ. Ավետիսյանը` շեշտելով` անցած տարվա համեմատ` առաջընթացը բավականին մեծ է, քանի որ հողօգտագործողների կողմից ակտիվություն է նկատվում:

  • Կիսվել: